Թիվ 12/16-ում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած 2 անձանց եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաեւ թիվ 12/16 ընտրատեղամասում: Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել եւ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է եւ կանխել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Միքաելյանին եւ Հ.Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար։
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ռ.Ղազարյան, ով Գ.Միքայելյանին եւ Հ.Մովսիսյանին գրանցել է եւ թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու համար։
Կարդացեք նաև
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն