Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Շուշանյան. «ԼՂՀ-ն դարձել է այնպիսի տարածք, որտեղ վկաները գնում-կորում են»

Փետրվար 26,2013 22:12

Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության փետրվարի 26-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ընթերցեց ոստիկանության Հրազդանի բաժնից ստացված գրությունն այն մասին, որ Հրազդանի բնակիչ, գործով վկա Համլետ Աղամիրյանը փետրվարի 23-ին մեկնել է ԼՂՀ գյուղեր` աշխատանք գտնելու:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը կասկածներ հայտնեցին, որ դեպքի վայրի տեղազննության ընթերակա Հ. Աղամիրյանը Ղարաբաղում է գտնվում, չնայած ուղարկված ծանուցումներին ՝ նա արդեն մեկ տարի դատարան չի ներկայանում:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նկատի ունենելով, որ նախկինում դատարան ուղարկված գրության մեջ ոստիկանությանը հայտնել էր, թե գործով վկա Արթուր Մկրտչյանը Սիսիանից գնացել է Ղարաբաղ՝ բանջար հավաքելու, հայտարարեց. «ԼՂՀ-ն դարձել է այնպիսի տարածք, որտեղ վկաները գնում-կորում են ու նրանց բերելը հնարավոր չէ»: Նա դատարանին կոչ արեց միջոցներ ձեռնարկել Աղամիրյանին դատարան բերելու համար: Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց դիմել ԼՂՀ իրավապահներին՝ վկային բերման ենթարկելու համար:

Դատավորը մերժեց այդ միջնորդությունը, ասելով,որ բերման ենթարկելու որոշում կայացվում է, եթե հայտնի է լինում բերման ենթարկվողի  գտնվելու ստույգ վայրը, Հ. Աղամիրյանի գտնվելու վայրն անհայտ է:

Այնուհետեւ Ռ. Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց դեպքի վայրի տեղազննության արձանագրությունը համարել անթույլատրելի ապացույց: Նա դրա համար նշեց մի շարք պատճառներ: Արձանագրությունը թվագրված է 2010թ. հուլիսի 28-ով` Ա. Նազարյանի մահվան հաջորդ օրով: Հետո դատարանում հայտնվել է քննիչի գրությունը, որ թյուրիմացություն է եղել, այն պետք է թվագրվեր հուլիսի 27-ով: Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ սխալմունք չկա, Նազարյանի մահվան օրը` հուլիսի 27-ին կազմվել է դեպքի վայրի տեղազննության արձանագրություն, դա ձեռնտու չի եղել նախաքննության մարմնին, ուստի այն ոչնչացրել են, հաջորդ օրը կազմել նոր արձանագրություն: Իրավապաշտպանի խոսքերով` կեղծողներն այնքան անտաղանդ են եղել, որ այն թվագրել են արձանագրությունը կազմելու իսկական ամսաթվով, չեն կռահել դա էլ կեղծել:

Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ դեպքի վայրից փորձաքննության ուղարկված պարկուճը քննիչի կողմից փոխված է: Նա ասաց, որ իբր ինքնասպան եղած Ա. Նազարյանի մոտ եղած բոլոր` 120 փամփուշտները տեղում են , որ Նազարյանին սպանել են այլ զենքով:

Իրավապաշտպանը հայտարարեց, որ Նազարյանի ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, որ դրանք քննիչի կողմից միտումնավոր ոչնչացվել են: Իրավապաշտպանը հայտարարեց, որ դեպքի վայրի տեղազննության ընթերակա Արտակ Հովհաննիսյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը Նազարյանի մահվան օրը  եղել է բլինդաժում, չի մասնակցել տեղազննությանը:

Տուժողի իրավահաջորդը նաեւ ասաց, որ քննիչ Մադաթյանը Նազարյանի մահվան օրը, կեսօրին, իբր դեպքի վայրում լուսանկարել է հանգուցյալ Ա. Նազարյանին, այն դեպքում, երբ այդ ժամանակ Նազարյանի դին գտնվում էր Երեւանում,առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնում: Մեղադրող Հարություն Հարությունյանը առարկություններ ներկայացրեց միջնորդության եւ դրանցում ներկայացված փաստարկների դեմ: Դատավոր Մարդանյանը մերժեց միջնորդությունը, նշելով, որ դրա վերաբերյալ դատարանը որոշում կընդունի խորհրդակցական սենյակում, վերջնական դատական ակտ կայացնելիս:

Ավարտվեց այս դատավարության ապացույցների լրացման միջնորդությունների փուլը: Հաջորդ` մարտի 13-ի նիստում մեղադրող կողմը հանդես կգա ճառով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728