«Համալսարանում դուք ձեռք եք բերել գիտելիքներ եւ աշխատանքային մեթոդներ, որոնք ձեր ապագայի հաջողության գրավականներն են: Երկար տարիների ջանքերի, համառության, երբեմն նույնիսկ կասկածների արդյունքում դուք այսօր ստանում եք բարձրագույն կրթության ձեր դիպլոմները»,-այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2011-2012թթ ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան:
Ռեկտորի խոսքով շրջանավարտները կօգտագործեն իրենց գիտելիքներն ու տաղանդը ի շահ Հայաստանի՝ նպաստելով նրա զարգացմանը:
Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի համոզմամբ դիպլոմների հանձնման արարողությունը կարեւոր պահերից մեկն է ինչպես ուսանողների, այնպես էլ այն համալսարանի համար, որտեղ նրանք ուսանել են.
«Ձեզնից յուրաքանչյուրը զգում է այն՝ ստանալով պետական նմուշի հայկական եւ ֆրանսիական պետական դիպլոմներ, որոնք հավաստիքն են հաջող ուսումնառության ու խոստումնալից ապագայի: Հանդիսանալով ֆրանս-հայկական համագործակցության փարոս, իր հիմնադրումից ի վեր Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարողացել է զարգանալ եւ համապատասխանել Հայաստանի կարիքներին»:
Կարդացեք նաև
Դեսպանի պնդմամբ, շրջանավարտներից 90%-ը աշխատում է Հայաստանում, իսկ 70%-ը գտնում է մասնագիտական ոլորտում իր կրթությանը համապատասխան աշխատանք:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրում է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության լավագույն արժեքները եւ ունի բացառիկ առաքելություն՝ հանդիսանալով ֆրանսիական քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը մեր երկրում:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարկետինգ բաժնի շրջանավարտ Անի Աթաբեկյանի խոսքով՝ հաճելի է, որ ստանում ես քո աշխատանքին վայել պարգեւ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ