Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ամբողջությամբ բացահայտեցին Հայաստանում տիրող բռնապետության դեմքը: Ընտրություններն ի սկզբանե կեղծված էին: Չնայած Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ժառանգության ջանքերի, իշխանությունը մերժեց ընտրական համակարգի բարեփոխման փաթեթը, ուժի մեջ թողնելով մոտ 700 000 մարդկանցով ուռճացված ընտրական ցուցակները, պահպանելով ընտրակաշառքի բաժանմանման, ընտրողների եւ ընտրական գործընթացի մասնակիցների ահաբեկման բոլոր մեխանիզմները:
Ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների զեկույցների հիման վրա մենք արձանագրում ենք, որ անցած ընտրություններում նորից աղավաղվեց ժողովրդի կամքը եւ Հայաստանի նախագահ է հռչակվել մի մարդ, որը իրականում նախագահ չի ընտրվել: Բնական է ժողովրդի ցասումն եւ ընդվզման այն ալիքը, որին մենք ականատես ենք ամբողջ Հայաստանում: Ընտրություններ կեղծելով դուք չեք կարողանալու կառավարել երկիրը, եւ եկել է ժողովրդին պատասխան տալու ժամը: Հայաստանում, ըստ էության, չկա իշխանության որեւէ լեգիտիմ ինստիտուտ, որի նկատմամբ ժողովուրդն ունենար վստահություն: Ձեր իշխանությունը կառուցված է կեղծիքի, բռնության, ահաբեկման վրա: Այդպիսի պետությունը չի կարողանա երկար դիմանալ այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջեւ: Կտրուկ կաճի արտագաղթը, կքայքայվեն պետական ինստիտուտները, կընկնի երկրի պաշտպանունակությունը:
Հասկացեք վերջապես, որ այսպես շարունակելով, մի օր կանգնելու եք կործանարար զարգացումների առջեւ, ինքներդ էլ կդառնաք ժողովրդի անկառավարելի ցասման զոհ, բայց եւ երկիրը կներքաշեք աղետալի, քայքայիչ գործընթացների մեջ:
Եթե կարող եք սթափվել եւ ըմբռնել, որ ինչ որ բան կարող եք անել այս անկման դեմն առնելու համար, երբ ձեր կամքից դեռ որեւէ բան կախված է, ուրեմն գործեք, զիջեք ժողովրդի պահանջներին:
Կարդացեք նաև
Հայաստանը քայաքայիչ այս ընտրակեղծարարության հորձանուտից փրկելու միակ ճանապարհն է՝ ընդունել ընտրական համակարգի վերափոխման ընդդիմության առաջարկած փաթեթը եւ երկրում հնարավորինս արագ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ
ՀԱԿ խմբակցության ղեկավար