Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանում տնտեսական սյուներ են առաջանում, դա չի կարելի օլիգարխիա համարել». Գալուստ Սահակյան

Փետրվար 26,2013 20:04

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը դեռևս 2009 թվականի մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, որ հետևողական պայքար են տանելու օլիգարխների դեմ: Նա նշել էր, որ օլիգարխիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին քաղաքական որոշումը շատ վաղուց է կայացված եղել, քանի որ այդ երևույթները երկրի հետընթացն են ապահովում։ «Այս պայքարում մենք կաջակցենք մեր թիմի անդամին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին»,- ասել էր նա: «Մեդիալաբը» Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե օլիգարխների ու մենաշնորհների դեմ պայքարի անցած տարիներին ի՞նչ աշխատանք կատարվեց երկրում, և ինչպե՞ս աջակցեցին Տիգրան Սարգսյանին:

– Պարո´ն Սահակյան, ՀՀԿ-ին հաջողվե՞ց այս տարիներին առաջընթաց արձանագրել այդ ուղղությամբ:

– Նախ ասեմ, որ ես նման հայտարարությամբ հանդես չեմ եկել: Ես կարծում եմ, որ ոչ թե պիտի օլիգարխների դեմ պայքար տանենք, այլ պիտի էնպիսի դաշտ ստեղծենք, որպեսզի օլիգարխներ չառաջանան: Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ մեր նման փոքր պետություններում, մանավանդ որ սահմանային խնդիրներ ունեն, կարծում եմ՝ դա բնական երևույթ է, որ օլիգարխներ պիտի առաջանային, քանի որ դաշտն այնքան մեծ չէ: Հայաստանը շատ փոքր է ներդրումների համար, դա ոչ թե մտածված երևույթ է, այլ հետևանք մեր իրավիճակի: Իհարկե, մեզ համար քննադատելի է ոչ թե, այսպես ասեմ` օլիգարխները, այլ մոնոպոլ կարգավիճակները, որոնք միշտ էլ խեղդում են պետության հիմնական զարգացումները: Բնականաբար, էդ դիրքորոշումը ոչ թե միայն ես ունեմ, այլև ամբողջ մեր թիմը: Բայց դրա համար ոչ թե պիտի էսպես բռնի ձևով, կուլակաթափության ձևով պայքարել, ինչպես որոշ քաղաքական լիդերներ են անում, այլ իշխանությունները պիտի կարողանան դաշտը այնպես համակցված, օրենսդրությամբ կարգավորել, որպեսզի նման երևույթներից զերծ մնանք:

– Ասում եք, որ Ձեր թիմի համար ընդունելի չեն մենաշնորհները, բայց կոնկրետ գործողություններ այդպես էլ տեսանելի չեն: Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գործարար պատգամավորներն այլևս խորհրդարանում չեն լինի, սակայն հակառակ պատկերը ստացվեց. նորից Ազգային ժողովում են Սամվել Ալեքսանյանն ու շատ ուրիշ գործարար պատգամավորներ: Սա ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Գիտեք, օլիգարխ արտահայտությունը նաև իմացության խնդիր է, թե ի´նչն ենք համարում օլիգարխ: Եթե Հայաստանում տնտեսական սյուներ են առաջանում, դա չի կարելի օլիգարխիա համարել, այսինքն՝ էն մասսան, որոնք կարողանում են տիրապետել նաև իշխանություններին: Մենք որևէ անձ չունենք հանրապետությունում, ես սա դրական իմաստով եմ ասում, որ կարողանա տիրապետելի դարձնել իշխանություններին իր շահերի համար: Բայց երևույթն էնպիսին է, որ փոքր պետություններում ավելի հնչեղ է դառնում, և ես չեմ կարծում, որ մեր պայքարի ճանապարհն այն է, որ ամեն ինչ վերացնենք, նորից սկսենք, ոնց որ այս քարոզարշավի ընթացքում էր: Մենք ընդամենը պիտի կարողանանք զսպման մեխանիզմներ կիրառել, և դաշտն այնպիսին դառնա, որպեսզի օլիգարխիա չառաջանա: Դա նախ պիտի քաղաքական կամքի ուժով անել և նաև օրենսդրությամբ, որ մաքսային ծառայության ոլորտում բոլոր քաղաքացիները հավասար իրավունք ունենան, հարկային օրենսդրության պայմաններում բոլորը հավասար իրավունք ունենան: Շատ թվացյալ է թվում և ռոմանտիկա, որ կարող ես մեկ օրում մտրակես, և ամեն ինչ ստացվի: Բայց որ քաղաքական կամքը կա, ես կարծում եմ՝ դա հաղթահարելի կդառնա առաջիկա տարիներին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    անցած 5 տարիների ընթացքում ով էր բռնել ձեր ձեռքը զսպման մեխանիզմների ու քաղաքական կամքի դրսևորումների փայլատակման համար եթե ձեր բաբուխին լիներ լավ էլ կկանխեիք օլիգարխիայի ու իշխանության սերտաճումը, բայց ով է կտրում այն ճյուղը որի վրա նստած է?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728