Չնայած մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողներ դասադուլի են դուրս եկել` իրենց ձայնին տեր կանգնելու համար, Գյումրիում այս առումով մեռյալ վիճակ է: Մենք այսօր եղանք ամենամեծ բուհում Գյումրու մանկավարժական ինստիտուտում, որտեղ կարծես թե դասադուլային տրամադրություններ չէին իշխում, նորմալ դասագործընթացի մեջ էին: Իհարկե, այս ամենը փոքր ինչ տարօրինակ է այն առումով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Գյումրիում ու Շիրակի մարզում : Բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանի` Գյումրիում անցկացված հանրահավաքին մեծ թվով երիտասարդներ, բուհերի ուսանողներ էին մասնակցում: Իսկ ընտրություններից ընդամենը մեկ օր հետո Գյումրու Արվեստների ակադեմիայի ուսանողներից շատերը երթ ու բողոքի ակցիա էին կազմակեպել Թատերական հրապարակում` պահանջելով իրենց նախագահին` Րա ՖՖի Հովհաննիսյանին:
Մենք Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, հոգեբան Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ կբացատրի գյումրեցի ուսանողների պասիվությունը: « Ես մի բան գիտեմ, եթե ինչ-որ բան շոշափելի, նյութական, կառուցվածքի տեսանկյունից կա մայրաքաղաքում, մարզերում դա չկա, սա է պատճառը: Բոլոր կուսակցությունները մարզերում շատ թույլ են ներկայացված, կուսակցական կառույցները չեն գործում, կամ ընդհանրապես չկան, տեղում գաղափարախոսներ չկան , չկան էն մարդիկ, որոնք դա անեն»-, ասաց հոգեբան-դասախոսը:
Մեր այն հարցին ի պատասխան էլ` այսինքն կարծում եք, որ կուսակցականնե՞րն են ոտքի հանելու ուսանողներին, մեր զրուցակիցն շարունակեց. «Ես կարծում եմ, որ չկան էն մարդիկ, որոնք հավաքներին կազմակերպված տեսք տան, ինքնաբուխ ինքը կարող է լինել, բայց դա շատ կարճ կտևի, ինքը պիտի կազմակերպված լինի, կուսակցությունները պետք է կարողանան ճիշտ գնահատականներ տալ: Չունենալով կայուն կուսակցական կառույցներ` համապատասխան դերակատարներով, համապատասխան գաղափարախոսներով, մարդկանցով, ովքեր որ դա կվերցնեն իրենց ուսերին, բնականաբար էդ ամեն ինչը կմնա ժողովրդի ինտուիտիվ շարժման մարկարդակով : Իսկ եթե դա չստանա կազմակերպված տեսք` հստակ ձևակերպված խնդիրների, միջոցների, նպատակների, այդ նպատակների հնարավորությունների ու խոչընդոտների մասին` ռազմավարության տեսանկյունից, բնականաբար շարժումը կմարի, ու ժողովուրդը իրեն դարձյալ դավաճանված կզգա»:
Ի դեպ, մենք ուսանողներից ճշտեցինք, որ իրենք պատրաստվում են համաուսանողական բողոքի ակցիային միանալ ամսի 28-ին: Նրանք մասնակցելու են դիմակավորված, խորհրդանշանական 5 հազար դրամ ընտրակաշառքը ձեռքերին բռնած բողոքի ակցիային:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ