«Խորապես հիասթափված ենք նախագահական ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանին ձեր երկրի նախագահի շնորհավորանքում տեղ գտած գնահատականներից: Մեր կարծիքով նման գնահատականներ կարող էին ի հայտ գալ երկու դեպքում: Կամ ձեր պետության ղեկավարը չի տիրապետում Հայաստանում նախագահական ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, ընտրողների ահաբեկման եւ կաշառման մասին տեղեկություններին կամ նա սատարում է քրեաօլիգարխիայի կողմից Հայաստանի իշխանույթունների ուզուրպացմանը»,- այսօր մի խումբ քաղաքացիներ իրենց հիասթափության բողոք- նամակը փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ Լեհաստանի դեսպաններին: Նրանք նշված դեսպանատների առջեւ նաեւ բողոքի ակցիա անցկացրեցին:
Ոստիկանները, որոնք ակտիվիստներից անհամեմատ ավելի շատ էին, ակտիվիստներին փորձում էին թույլ չտալ մոտենալ դեսպանատներին՝ հիմնավորելով, որ չեն ցանկանում նրանց թույլ տալ խախտել անցորդների եւ հարակից շինություններում աշխատող քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Մինչեւ լրագրողները կհասնեին Իտալիայի դեսպանատան առջեւ, ըստ ակտիվիստ Վահագն Մինասյանի, միջադեպ է եղել ոստիկանների եւ ակտիվիստներից մի քանիսի միջեւ: Նրա պատմելով, ոստիկաններից մեկը քաշքշել է ակտիվիստ Մինասյանին, ձեռքից խլել ցուցապաստառն ու պնդել, որ նրա ձեռքից ոչինչ չի խլել: Ակտիվիստի պատմելով, ոստիկանը նաեւ ճանկռել է իր ձեռքը:
Ավելի ուշ, ակտիվիստի մատնանշած ոստիկանը հերքեց միջադեպը:
Կարդացեք նաև
Մի ուրիշ միջադեպ էլ գրանցվեց Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Ոստիկաններից մեկը պնդեց, որ ակտիվիստներից մեկը միջնամատն է ցույց տալիս ոստիկաններին:
«Եթե գնում եք գաղափարական պայքարի, ուրեմն չպետք է հայհոյել, դա թույլ անձի ներկայացուցչություն է»,- ասաց ոստիկանը:
Ակցիան ավարտվեց Լեհաստանի դեսպանատան առջեւ: Ոստիկանները ակտիվիստներից պահանջեցին մեկ քայլ հեռու կանգնել դեսպանատան ճաղավանդակներից: Բայց ակտիվիստները հրաժարվեցին նրանց պահանջը կատարելուց:
Ավելի ուշ մասնակիցները զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծին, և քիչ անց ՄԻՊ-ի երկու աշխատակիցներ եկան:
Ակտիվիստ Լևոն Գալստյանը ՄԻՊ-ին նամակ գրեց՝ դժգոհելով, որ ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որի տակ ստորագրեցին մի շարք ակտիվիստներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ