«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի փետրվարի 26-ի նիստում
26 փետրվարի 2013թ.:Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրություն, ինչի արդյունքները մեր գնահատմամբ կեղծված են և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ընտրությունների իրական պատկերը: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Կեղծված ընտրությունների արդյունքում հանրապետության գրեթե ողջ տարածքով բարձրացել է ժողովրդական ընդվզումի հզոր ալիք` ժողովրդի տված իրական քվեներով իշխանություն ձևավորելու պահանջով, որը մեր Սահմանադրության հրամայական նորմերից է:
Եթե դեռևս ոմանք համոզված չեն, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կփորձեմ ներկայացնել որոշ փաստեր: Այսպես՝ նույնիսկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկագրի՝ 223 ընտրական տեղամասերում ընտրություններին, ըստ համապատասխան արձանագրությունների, մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 83.13%-ը, որից 10.78%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 81.61%-ը՝ Սերժ Սարգսյանին: 46 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 93.57%-ը, որից 6. 72%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 92.18%-ը՝ Սերժ Սարգսյանին:
Իսկ առավել անթաքույց զավեշտն այն է, որ հինգ տեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100%-ը, որտեղ միջին հաշվով 5.28%-ը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 93.33%-ը՝ Սերժ Սարգսյանին: Կա տեղամաս, որտեղ ընտրողների 100%-ը մասնակցել է ընտրություններին և 100%-ն էլ ձայները տվել են Սերժ Սարգսյանին: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ թվարկված այս տեղամասերի բացարձակ մեծամասնությունը գյուղական համայնքներում են: Կարծում եմ` տեղյակ եք, որ գյուղերից կրկնակի արտագաղթ է կատարվել: Նրանց մի մասը տեղափոխվել են շրջկենտրոն կամ, հիմնականում, Երևան, իսկ մի մասն էլ ընդհանրապես լքել է Հայասատանը: Մեր գյուղերի բնակիչների կեսից ավելին արտագաղթել է: Իրենց բնակավայրերը պարտադրված լքած Հայաստանի քաղաքացիների հաշվին եք դուք «հաղթել» ընտրություններում: Իսկապես «քաղաքական շառլատան» պետք է լինել այս փաստերի հետ հաշիվ չնստելու համար:
Կարդացեք նաև
Ընտրությունների ընթացքին դրական գնահատական է տրվել նաև մի շարք եվրոպական կառույցների դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից: Հիշեցնեմ, որ դրանք նույն այն կառույցների ներկայացուցիչներն են, որոնք անթաքույց շատ դեպքերում մեր ազգային շահը վաճառել են մեր թշնամիներին: Եվ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բազմիցս ճշմարտացիորեն նրանց բնորոշել են որպես «խավիարակերներ»: Հավատացեք, որ այդ «խավիարակերը» Հայաստանում էլ նույն «խավիարակերն» է: Հասկանալով դիվանագիտական խոսքի արժեքն ու որոշակիորեն տիրապետելով դիվանագիտական բառամթերքին, դրանով հանդերձ հայտարարում եմ, որ ներկայացրած այս և նմանատիպ բազմաթիվ փաստերի առկայության դեպքում, երբ արձանագրում են, որ Հայաստանում տեղի են ունեցել մեկ քայլ առաջով արդար ընտրություններ, ուղղակի արհամարհում եմ բոլոր այդ կազմակերպությունների կողմից տրված դրական բոլոր գնահատականները:
Խոսքս ուղղում եմ Սերժ Սարգսյանին: Կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բավականին լարված իրավիճակ: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններին Ձեր կողմից «ոչ»-ով արձագանքելը վտանգավոր փուլ է տեղափոխում զարգացումների ընթացքը: Դուք պարտավոր եք ցուցաբերել իմաստնություն և խոհեմություն, պատրաստակամություն, կոմպրոմիսային քայլեր ձեռնարկել` պետությանը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Հակառակ պարագայում, դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող վարչախմբի և մասնավորապես Ձեզ վրա: