Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանը Սերժ Թանգյանին

Փետրվար 26,2013 18:00

Սիրելի՛ Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի.

«Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»:

Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.

Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի.

«Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:

Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ…»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչև Ստեփանակերտ, Մելբուռնից մինչև Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երևանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած և տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր:

Այսքանը:

Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. bzjackal says:

    И все же просится слеза…
    Как представил Серж(ик)а, цитирующего по латыни….

  2. RM says:

    Չեմ հավատում: Նորից չեմ հավատում: Սա Սերժ Սարգսյանն է ասում? Չեմ հավատում, որովհետև սա նույն Սերժ Սարգսյանն է, որ Լֆիկ Սամոյի թևը ընկած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարում էր, որ , սա նույն Սերժ Սարգսյանն է, որ ասում ենք Սերժ հասկանում ենք Սաշիկ …. սրանով ամեն ինչ ասված է:
    Չեմ հավատում: Չեմ հավատում: Դու ստախոս ես, քանի որ հենց այս նամակում արդեն իսկ ստում ես, ասելով որ իրապես հաղթել ես: Չեմ հավատում:

  3. David says:

    Սերժ, ճառդ ոնց որ Սարինյան պապիկը գրած լինի;Դու առաջին հերթին երեխաների թշնամին ես;Քո նեղ մտքի պրիզմայում երեխա է միայն քո թոռ Սերժը;Ինձ բզկտում էիր,արնաքամում, որ ռումբեր չլինեն. այո*;Դու ես սև ռումբը, իսկ սպիտակ ռումբեր եթե չլինեն, բռնակալները չեն մաքրվի;
    Մեկնաբանությունս երբեմն չեն դնում, որ նյարդերդ պահպանես, բայց դե,հասկանում եմ`ՀՀ-ն է;Սերժ, եթե Սերժերի բանակ էլ հավաքես, մեկ է կանգնելու ես ոչ ՀՀ դատարանի առաջ;

  4. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի խմբագրություն, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս անստորագիր նամակը տեղադրել կայքում. որքան հասկանում եմ, նամակի հեղինակը ոչ թե երրորդ նախագահն է, այլ նրա աշխատակազմը:
    Ինչևէ, անկեղծ ասած, ինձ վրա այն դպրոցական ճոռոմ և միևնույն ժամանակ կեղծ նոտաներով համեմված շարադրություն է հիշեցնում, մոտավորապես այնպիսի շողոմ խոսքերով, ինչպիսիք գրվեցին հայ սպա Վահե Ավետյանի եղերական սպանությունից հետո: Խեղճ Սերժ Թանգյան, ինչպես ես մարսելու այս կրակոտ անհեթեթությունը:

  5. ero says:

    Հարց – «Ինչքան ուզեմ խփեմ» , «խիարը թարս աճեց» ու էլի նման ապուշություններից ինչով է տարբերվում այս շարադրշությունը.

  6. Փիրուզ says:

    Մենք կաթոլիկ պետություն չենք, ոչ էլ լատիներեն մշակույթի կրող: Այդ որ խորհրդականն է որոշել պարոն Սարգսյանին արջի ծառայություն մատուցել լատիներեն այս ասացվածքի մեջբերումով: Պարզապես ծիծաղելի է, որ նախագահի գրասենյակի պաշտոնական տեքստեր գրող աշխատակիցները իրականությունից կտրված տեքստեր են մոգոնում: Փաստորեն ապագայում սպասենք այլալեզու այլ կարգի մեջբերումների ու աֆորիզմների ???

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728