Եվրասիամե՞տ, թե եվրոպամե՞տ Հայաստան. այսօր այս հարցի շուրջ Թեքեյան կենտրոնում կազմակերպված համաժողովի ժամանակ փորձում էին պարզել Հայաստանի Եվրասիական երիտասարդական շարժման անդամները: Նշենք, որ այս տարվա փետրվարի 20-ին կայացած նիստում ազդարարվել է շարժման բացումը: Շարժման գլխավոր ասամբլեայի նախագահ Արման Ղուկասյանի խոսքերով, շարժման նպատակն է ստեղծել ունիվերսալ կառույց, որը թույլ կտա երիտասարդությանը «ռեալիզացվել, ինքնահաստատվել, մասնակցել Եվրասիական ինտեգրացմանը եւ իրականացնել այն միջոցառումները, որոնք ուղղված կլինեն ինտեգրացման գործընթացի աջակցությանը Հայաստանում»:
Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանն այսօր կանգնած է ընտրության առջեւ` լինել եվրոպամետ, թե եվրասիամետ, Արման Ղուկասյանը նշեց, որ շարժումը ողջունում է եվրոպական ինտեգրացման գործընթացների իրականացումը Հայաստանում եւ իրենց շարժման նպատակն է ստեղծել այլընտրանք:
Նշեց նաեւ, որ այսօր երիտասարդները կարող են շատ բան փոխել հասարակության մեջ. «Երիտասարդներից է կախված մեր վաղվա օրը»:
Երիտասարդական շարժման գլխավոր ասամբլեայի անդամ Տիգրան Շադունցը խոսեց շարժման կառուցվածքից. «Հայաստանի Եվրասիական երիտասարդական շարժումը հանդիսանում է ունիվերսալ կառույց, որի նպատակն է ստեղծել համընդհանուր եվրասիական երիտասարդական հարթակ, որտեղ երիտասարդները կարող են ինքնադրսեւորվել, ստեղծագործել, համագործակցել եւ իրականացնել եվրասիական տարածաշրջանային երիտասարդական խնդիրներից բխող բազմաբնույթ ծրագրեր»:
Նա նշեց, որ շարժմանը կարող են մասնակցել ցանկացած կազմակերպություն եւ կազմակերպությունն ինքնին ունի համահայկական բնույթ՝ նպատակ ունի միավորելու ոչ միայն Երեւանի եւ մարզերի, այլեւ՝ սփյուռքում ապրող երիտասարդներին:
Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ