Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախագիծ Ծառուկյանի դեմ Նաիրա Զոհրաբյանն ընդվզեց

Փետրվար 26,2013 17:28

«Ես ճիշտ չեմ համարում, որ քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցած պատգամավորների հարցը պետք է քննարկվի էթիկայի հանձնաժողովում»,-այսօր ելույթ ունենալով խորհրդարանում, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցին, որով հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանն առաջարկ ներկայացրեց`պատգամավորների բացակայությունների հարցի քննարկումների մասին:

Սահակյանն ասաց, որ այս հարցի շուրջ վերապահումներ ունեն. «Ես անձնապես դեմ եմ այս նախագծին, բայց կքննարկենք խմբակցությունում և կամրապնդենք մեր դիրքորոշումը: Դա պատգամավորի իրավունքի հարցն է, դա իմ քաղաքական դրսևորումն է և այն չի կարելի համարել էթիկական խախտում: Ես առաջարկում եմ, որպեսզի այս հարցը քննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովում»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ «քաղաքական պայմանավորվածություն է խախտվել», քանի որ խմբակցությունների միջեւ պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ այն ավելի ուշ պիտի քննարկվեր լիագումար նիստում՝ խմբակցություններում քննարկվելուց հետո: «Ես իրավաբան չեմ, բայց կարող եմ կանխատեսել, որ նախագիծը ՍԴ-ում լուրջ խնդիրներ է ունենալու: Այս նախագծի իրական նպատակները բոլորվին այլ են, կան քաղաքական դրդապատճառներ: Ես փորձեցի վերլուծել՝ ով է ասել, որ էթիկայի հանձնաժողովում նստած են այն բացառիկ օբյեկտիվ անձնավորությունները, որոնք կարող են հայտարարել, բացակայությունները հարգելի են, թե ոչ: Նրանք մեզանից լավը չեն:
Մենք բոլորս միասին պետք է որոշենք: Ես չեմ հասկանում էթիկայի հանձնաժողվն ինչ կապ ունի բացակայությունների հետ: Ես նույնպես համաձայն եմ, որ այս հարցը պետք է քննարկի պետաիրավական հանձնաժողովը: Եթե էթիկայի հանձնաժողովը պարապ է մնացել և կրեատիվի պակաս ունի, ապա շատ պատգամավորներ ամեն օր կարող են դա մատուցել`սոցցանցերում. պարոն Ավագյան դուք նույնպես»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը հավելելով, որ դա «վերդիկտ է»: Նկատենք, որ ԱԺ ամենաշատ բացակայող պատգամավորներից մեկը ԲՀԿ խմբակցութան ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ՝ Էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը բարձրացնելու ձգտումը կրկին ձախողվեց. «Էթիկայի հանձնաժողովում մեծամասնությունը չհանդուրժեց բազմակարծությունը, Աստված Ձեզ հետ, թող Ձեր որոշումների դրական լիցքեր հաղորդի, այն, ինչ անում եք էթիկայի հանձնաժողովի հետ կապված, շուռ է գալու Ձեր դեմ»:

Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց հնչած դիտարկումների հետ: Նրան շատ դուր էր եկել Նաիրա Զոհրաբյանի որակումը`իր մասնագիտական ցենզի մասին, ասաց, թե հույս ունի որ դա իրականությունն  է արտացոլում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728