Մելիք-Շահնազարյանը` Խոջալուի ազատագրման մասին
«Իրականում Խոջալուի զինված գործողություններն անհրաժեշտ էին` ժողովրդին սննդով, դեղորայքով ապահովելու եւ բլոկադան ճեղքելու համար: 1992թ-ի հունվար-մարտ ամիսներին Ստեփանակերտում մեկ շնչին բաժին էր հասնում ընդամենը 400 գրամ ալյուր: Խնդիրն այն էր, որ Խոջալուն «կտրում» էր Ստեփանակերտը շրջաններից, իսկ սնունդ ձեռք բերելու համար զրահապատ մեքենա էր պետք»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով. «Ցանկացած պետություն պարտավոր է հոգալ իր բնակչության ապահովության մասին: Ո՞ւմ է պետք այն պետությունը, որը չի կարող պայքարել ավազակախմբերի դեմ, որոնք այն ժամանակ գործում էին: Ադրբեջանը մեր տարածքներ էր ուղարկում նման զինված ահաբեկչական խմբեր: Սակայն Արցախում ոչ մեկ չի մահացել սովից, որքան էլ իրավիճակը ծանր լիներ: Մարդիկ կիսվում էին ամեն ինչով եւ օգնում իրար: Բայց կյանքի հանդեպ վտանգը վերացնել պարտավոր էր պետությունը»:
Խոսելով Խոջալուի ազատագրումից` Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այն փայլուն կատարված ռազմական գործողություն էր. «Մեզ հաջողվեց զենք ձեռք բերել, անգամ` թնդանոթ եւ ավտոմատներ, ինչը այն ժամանակ մեծ ռազմական պաշար էր մեզ համար: Նաեւ ալյուր «ընկավ» ձեռքներս, որը կյանքին հավասար բան էր»:
Քաղաքագետն ասաց, որ Խոջալուում զոհերի թիվը չի հասնում մի քանի հազարի, ինչպես ադրբեջանցիներն են ներկայացնում. «Զոհերը 438-ն էին, բայց դա էլ հստակ տվյալ չէ: Խոջալուն վերցնելուց հետո տեղի ադրբեջանցիներին (անդրկովկասյան թուրքերին) ցույց տվեցինք դուրս գալու ճանապարհը, որը դեպի Աղդամ էր տանում: Հեռացածները, մինչ Աղդամ հասնելը, հանդիպել են ադրբեջանցիներին, որոնք էլ կարծել են, թե դրանք հայեր են եւ ոչնչացրել: Հետո ադրբեջանցիները այլանդակել են մի քանի դիակ` ասելով, թե հայերն են արել: Բայց հայ զինվորը դիակի հետ չի կռվում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ