«Բացեք դռները,- այսօր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մոտ պահանջեցին երեկվանից դասադուլի կոչ անող ակտիվիստներն ու ուսանողները: «Մեր մանկավարժության ապագային կոչ եմ անում չվախենալ ու միանալ մեզ: Ապագա մանկավարժները, որ կրթելու են մեր մանուկներին եւ դարձնեն նրանց քուչակներ, կոմիտասներ»,- կոչ արեց դասադուլավորներից մեկը:
«Մանչո, մեր մանկավարժների մասին ես խոսում, բայց դաս ես խանգարում, գնացեք ստեղից: Մի խանգարեք մեր դասերը: Խորհուրդ եմ տալիս, գնացեք եւ ձեր ցույցն արեք Ազատության հրապարակում»,- պատասխանեց բուհի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը: Ուսխորհրդի անդամներից մեկն էլ հավելեեց. «Արա ով եք դուք, փախեք»: Նրան շատ արագ կարգի հրավիրեց ուսխորհրդի նախագահը:
Այս բուհում դռները փակ էին, եւ ուսանողների ելումուտը չէր թույլատրվում: Դասադուլավորների դեմ այստեղ պայքարում էին ուսխորհրդի մի քանի տասնյակի հասնող անդամները ուսխորհրդի նախագահի գլխավորությամբ: Չնայած Ն. Մարգարյանը վստահեցնում էր, որ դռները բաց են, բայց ակցիային մասնակցելու ցանկացողներ չկան:
Ցուցարարներին միացավ նաեւ 83 ամյա Հրաչյա Էլոյանը՝ մանկավարժական համալսարանի գեղագիտության բաժնի առաջին շրջանավարտներից ու կոչ արեց մինչեւ վերջ պայքարել. «Ձեզ կանաչ ճանապարհ, ճանապարհի կեսից հետ չդառնաք, ես էլ եմ ձեր հետ կանգնած, պայքար չարի վերջ մինչեւ վերջ, ձեր ցավը տանեմ» :
Կարդացեք նաև
«Հաջող, հեռացեք» գոռալով ու սուլոցներով դասադուլավորներին դիմավորեցին ու ճանապարհեցին տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի անդամները: Այս բուհի մոտ դասադուլավորները չկանգնեցին, միայն հարցրին՝ «Շարվել եք ստեղ, որ ի՞նչ անեք»:
Բժշկական համալսարանի ուսանողներին իրենց միանալու կոչեր դասադուլավորներն արեցին դիմացի մայթից: Ոստիկանները նրանց թույլ չտվեցին փողոցն անցնել: Չնայած, ինչպես ակտիվիստ Եղյա Ներսիսյանն էր պատմում, իրեն այդ բուհի ուսխորհրդի նախագահը զանգել ու տեղեկացրել էր, որ իրենց բուհի դարպասները բաց են եւ ցանկացողները կմիանան ակցիային: Բայց բժշկական համալսարանից ուսանողներ չմիացան:
Դասադուլավորներին չմիացան նաեւ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանողները: «Ժողովուրդ, մեր մոտ պարապմունքներ են, մարզիկներ են , որոնք դահլիճային պարապմունքի են, շարժվեք, գնացեք» ,- ասաց բուհի աշխատակից Բաբայան Կոլյան :
Ի դեպ, այսօրվա ակցիայի մասնակիցները հիմնականում ակտիվիստներ էին եւ բուհերի նախկին շրջանավարտներ: Հիշեցնենք, որ դասադուլի կոչ անող երիտասարդները պահանջում էին դասադուլով բոյկոտել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ