«Սոցիալական բնակարանային ծրագրի» շրջանակներում սոցիալապես անապահով քաղաքացիները, ինչպես նաեւ մանկատների շրջանավարտները, հնարավորություն կունենան դառնալ իրականացվող ծրագրի շահառուներ եւ ստանալ բնակարաններ:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում այս մասին հայտնեցին «Սոցիալական եւ մատչելի բնակարանները Հայաստանում» վերնագիրը կրող կոնֆերանսի բանախոսները:
«Մանկատան շուրջ 170 շրջանավարտներ ծրագրում ընդգրկված երեխաներ են: Մարալիկի սոցիալական բնակարանների ծրագրի շրջանակներում մենք ոչ միայն ընդգրկեցինք մանկատան շրջանավարտներին, այլ նաեւ ընդգրկեցինք այլ սոցիալական խմբերին, որպեսզի այդ սոցիալական բնակարանների միկրոմիջավայրը նման լինի այն բազմաբնակարան շենքերի ձեւավորված միջավայրերին»,- լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ու հավելեց, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, եւ Թբիլիսյան խճուղում վերակառուցվող շենքում շուտով նույնպես կձեւավորվեն սոցիալական բնակարաններ:
Ի՞նչ պայմաններով են ընտրվում ծրագրի շահառուները հարցին` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը պատասխանեց. «Մենք հիմնականում ընտրում ենք անօթեւան անձանց: Անօթեւանությունը համար մեկ չափորոշիչն է: Պիտի անձը անպայման լինի անօթեւան, այսինքն` չունենա սեփական տուն կամ ապրի այնպիսի պայմաններում, որոնք հեռու են նորմալ համարվելուց: Հանձնաժողովի կողմից ընտրվում են միայնակ, անօթեւան տարեցները, միայնակ անօթեւան հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ՝ մանկատան շրջանավարտները»,- ասաց Ա. Գեւորգյանը` նշելով, որ Մարալիկի երեք շենքերում ծրագրի շրջանակներում կառուցվել է 59 բնակարան, որտեղ այժմ ապրում է 103 քաղաքացի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Սոցիալական բնակարանային ծրագիրը» գործում է 2010 թվականի մարտից, եւ Հայաստանի տարբեր մարզերում ծրագրով նախատեսվում է կառուցել եւս վեց շենք:
Աշոտ ԱԹԱՅԱՆ