Ըստ Մելքոնյանի` նրանց պետք է պատասխանատվությւան ենթարկել
«Ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները վերջին օրերին գրում են Խոջալուի ցեղասպանության հարցի մասին` նպատակ ունենալով «քարոզչական բլեֆներով» շեղել միջազգային հանրության ուշադրությունը` Սումգայիթյան ոճրագործությունները դատապարտելու խնդրից: Մյուս կողմից, ադրբեջանցիները փորձում են Սումգայիթի եւ Խոջալուի դեպքերի միջեւ հավասարություն դնել»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը: Նրա խոսքով. «Սումգայիթյան ողբերգության մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ եթե ժամանակին դատապարտեին հայոց ցեղասպանությունը, տեղի չէին ունենա Սումգայիթյան դեպքերը եւ Բաքվի հայերի ջարդերը: Պետք է հասկանալ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կախված է Սումգայիթի ցեղասպանության դատապարտումից»:
Պատմաբանը փաստեց, որ գոյություն ունեն ռուսների, հայերի եւ այլ ազգերի ներկայացուցիչների գրավոր վկայությունները, համաձայն որոնց` Սումգայիթյան ոճրագործությունը կազմակերպված է եղել Ադրբեջանի կողմից. «Իսկ կազմակերպիչներն այսօր էլ ողջ են եւ բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանում: Պետք է օտար լեզուներով տարածել այդ փաստաթղթերը միջազգային հանրության շրջանում: Քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը չի դատապարտում Սումգայիթյան ցեղասպանությունը եւ կազմակերպիչերին, վտանգը սպառնում է նաեւ Արցախի ժողովրդին, հետեւաբար` պետք է զգոն լինել»:
Պատմաբանի համոզմամբ. «Անհրաժեշտ է աշխատանք տանել բաց դատեր կազմակերպելու ուղղությամբ, որ միջազգային հանրությունը տեսնի Ադրբեջանի իրական դեմքը, եւ թե ինչպես են այդ երկրում խուլիգաններին հերոսացնում: Ի դեմս Ռամիլ Սաֆարովի` մարդասպաններին հերոսացնելը դարձել է պետական քաղաքականություն»:
Կարդացեք նաև
Մելքոնյանի կարծիքով` տարիներ հետո, երբ տապալվի Ալիևի բռնապետական կլանը, ժողովուրդը կտեսնի իրականությունը եւ կդատապարտի կազմակերպիչներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ