Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվո նշան» շքանշանը վաճառել էր 50 000 դրամո՞վ

Փետրվար 26,2013 16:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում նախկինում մի քանի անգամ դատապարտված Կարեն Ալավերդյանի քրեական գործը:

Այն հարուցվել էր ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի կողմից:

Կ.Ալավերդյանը բնակարաններում հայտնվում էր նախ իբրեւ պատուհաններ պատրաստող արտադրամասի աշխատակից, ապա ջեռուցման հին մարտկոցների գնորդ: Ծանոթանում էր տանը, անում «առաջարկներ»:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, Կարեն Ալավերդյանը այցելելով ճանաչված մտավորական Լեւոն Հարությունյանի բնակարան, գնահատելու պատրվակով տանտիրոջից վերցրել էր նրա հոր՝ Դավիթ Բալասանի Հարությունյանի «Պատվո նշան» շքանշանը, չինական ծաղկամանը: Շքանշանն, իր ասելով, վաճառել էր ոմն Մարատի՝ 50 000 դրամով, ծաղկամանը՝ 100 000 դրամով:

Որպես արտադրամասի աշխատակից, այցելել էր մեկ այլ քաղաքացու՝ Ելենա Միրզոյանի բնակարան, նրա վստահությունը չարաշահելով, նա վերցրել էր կես միլիոն արժողության չինական արտադրության էմալապատ մրգամանը:Այն, իր ասելով, վաճառել էր եւ դրա համար տիկնոջն էր տրամադրել 50 000 դրամ:

Տիգրան Մուրադյանի բնակարան գնալով էլ, Կարենը գինը ճշտելու նպատակով, վերցրել էր նրա «Մարշալ Բաղրամյան» շքանշանը: Պայմանն այն էր, որ որ շքանշանը պիտի վաճառվեր եւ գումարը տրվեր Մուրադյանին:

Մուրադյանից, վերցնելով նաեւ «Ռակետա» ժամացույցը, շքանշանի հետ վաճառել է 20 000 դրամով: Գումարը չի տրվում տուժող Մուրադյանին:

Տուժող Լեւոն Հարությունյանի ներկայացուցիչը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն է: Վերջինը հանդես է եկել միջնորդությամբ, պահանջելով, որպեսզի Կարենից բացի, հայտնաբերվեն նրա հետ եղածները՝ Սուրիկը, Վլադիմիրը, Մարատը: Վերջինին գաղտնալսել են, սակայն ինքնությունը չի պարզվել, որ գնահատվեն մյուս ապացույցները:

Իրականում «Պատվո նշան» շքանշանը արժե 10 000 ԱՄՆ դոլար: Լ. Հարությունյանի ներկայացուցիչն ասում է, որ գինը որոշելու համար անհրաժեշտ էր, որպեսզի քնչական բաժինը դիմեր ՀՀ մշակույթի նախարարությանը:

Տուժողը մեր հետ զրույցի ժամանակ ասաց, որ մտահոգված է, որ գրություններ չեն ուղարկվել Ազգային անվտանգության մարմին կամ ՊԵԿ-ի մաքսային ծառայություններ, որպեսզի այս ընթացքում շքանշանը դուրս չբերվի ՀՀ տարածքից:

«Անգամ չի քննարկվել այդ շքանշանը մաքսանենգ ճանապարհով դուրս հանելու վարկածը»,- ասում է Լ. Հարությունյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728