Մեկ ժամ առաջ Հայաստանում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների առջեւ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել եւ դեսպաններին փոխանցել իրենց բողոք-նամակը: Նամակում հայտնել են իրենց հիասթափությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանին իրենց երկրների նախագահների ուղարկած շնորհավորանքներում տեղ գտած գնահատականների առումով: Ակտիվիստներից Վահագն Մինասյանը լրագրողներին պատմեց, որ Իտալիայի դեսպանատան ճանապարհին ոստիկաններից երկուսը քաշքշել են եւ իր ձեռքից խլել ցուցապաստառը: Նա ցույց տվեց իր ձեռքը եւ պատմեց, որ ոստիկաններն են ճանկռել ձեռքը ու թույլ չեն տվել մոտենալ դեսպանատանը: Ապա ակտիվիստները շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն, որից հետո պատրաստվում են ակցիան շարունակել Ֆրանսիայի դեսպանատան առջեւ՝ տեսնելու Ֆրանսիայի դեսպանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ