Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի կրակելու

Փետրվար 26,2013 15:29

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ երկրում միայն նորմալ  եւ սահմանադրական ուղիով կլինեն հանգուցալուծումները:

Նա նաեւ նշեց, որ իր համար անհասկանալի է այն ճանապարհը, որով գնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Առաջին օրն ասաց՝ 80 տոկոս ձայն եմ հավաքել, հետո Բաղրամյան 26-ի ճանապարհին էդ 80 տոկոսը դառնում է երկրորդ փուլ, դուրս գալուց էլ՝ դարձավ պառլամենտի ցրում: Մեր երկիրը պատվերով համերգ չի, ոչ էլ թագավորական միապետական երկիր, որ երբ նախագահը ուզի՝ պառլամենտը ցրի, երբ ուզի՝ չցրի: Չկա նման բան, մեր երկրում կա Սահմանադրություն եւ բոլորը պիտի ենթարկվեն Սահմանադրությանը»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պիտի անի իշխանությունը լարվածությունը թուլացնելու համար: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ-ում շատ հարգում են բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել եւ իրենց թեկնածուին եւ մնացած թեկնածուներին:  Ասաց, որ այդ մարդկանց կարծիքը թանկ է իշխանության համար, եւ իշխանությունն իր բոլոր քայլերում պետք է հաշվի նստի մեր հասարակության ու առկա իրողության հետ: Այնուհանդերձ, Շարմազանովը, հակադարձելով լրագրողներին, ասաց, որ որեւէ լարվածություն կամ ճգնաժամ առկա չէ Հայաստանում, նորմալ ժողովրդավարական բոլոր երկրներում էլ ֆավորիտ թեկնածուն 55-58 տոկոս ձայներ է հավաքում: Այս համատեքստում Շարմազանովը բերեց մեկ ամիս առաջ Չեխիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներն ու օրինակը: Լրագրողների դիտարկմանն էլ՝ տեղի՞ն է այդ համեմատությունը, նա ասաց. «Այո, շատ տեղին է: Իսկ եթե ձեզ թվում է, որ Հայաստանում ավելի վատն են եղել ընտրությունները, քան Չեխիայում՝ չարաչար սխալվում եք»:

Ի հավաստումն իր ասածի, Շարմազանովը վկայակոչեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականները եւ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք բոլոր տեղամասերում ստորագրել են արձանագրությունները: Միաժամանակ Շարմազանովը չի հերքում, որ Հայաստանում խնդիրներ կան եւ դրանք պետք է լուծվեն օր առաջ: Ինչ վերաբերվում է հետընտրական պաշտոնանկություններին, Շարմազանովը խորհուրդ տվեց դրանցից չզարմանալ, քանի որ քաղաքականությունը կենդանի պրոցես է. «Կարող ա մի օր էլ իմանաք՝ ես եմ հեռանում»: Շարմազանովը նաեւ կանխեց լրագրողների մտահոգություններն՝ ասելով, որ հետընտրական հրաժարականները պետք չէ դիտարկել Սերժ Սարգսյանի համար շատ կամ քիչ ձայներ ապահովելու հարթությունում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թող փորձի նորից կրակի, դեռ անցած կրակածի ծուխը ոչ ոքի քթից դուրս չի եկել:

  2. Pogos says:

    «Կարող ա մի օր էլ իմանաք՝ ես եմ հեռանում»:
    Տեսնես երբ է գալու այդ օրը

  3. Maxim says:

    Եթե ՕԵԿ-ը, ՀՀԿ-ի ներքին օրգաններից մեկն է, ապա շահմազանովն էլ,՝ սս-ի ներքին օրգաններից է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728