Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Փետրվար 26,2013 14:46

3 2«Երեւի զգում էինք ճակատագիրը. Մհերին շատ էինք համբուրում»

Մհեր Մովսեսյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, բայց նրա խոսքը շատ կարեւոր էր: «Շատ հավասարակշռված էր, երբեք ձայնը չէր բարձրացնում, բայց բոլորս նրան լսում էինք: Շատ խելոք էր, չափված-ձեւված խոսող, ամեն մի քայլը մտածված էր անում»,- իրենց հիշողություններով կիսվում են Մհերի ծնողները՝ Արամ Մովսեսյանն ու Լարիսա Ավագյանը:

Նրանք առաջին ընտանիքն են եղել, որ այս տարածքում տուն են կառուցել՝ հիմնադրելով Մասիսի շրջանի Նոր Կյուրին գյուղը: Երբ Մհերի ծնողներն իրենց երկու երեխաների հետ տեղափոխվեցին, այստեղ մի ամայի դաշտ էր: Մհերն էլ այս տանն է ծնվել: Տունը մեծ է՝ մեծ ընտանիքի համար, հենց այդպես էլ նախատեսում էին սկզբից, որ մեծ տուն պետք է կառուցեն:

«Հայրենիքն ի՞նչ ա. հողն ու ջուրը չի՞,- հարցնում է Մհերի հայրն ու շարունակում:- Ես այս հայրենիքի՝ հողի ու ջրի համար շատ թանկ գին եմ տվել՝ որդուս կյանքն եմ տվել»:

Մհերը մեկ քույր եւ եղբայր ունի: Քույրն ուսուցչուհի է, եղբայրն էլ՝ ոստիկան:

«Գյուղում բոլորն ասում էին՝ էս ինչ սիրով են եղբայրները,- հուզված պատմում է Մհերի մայրը՝ Լարիսան, եւ ավելացնում,- փառք Աստծո, բոլոր երեխաներս շատ լավն են, բայց Մհերին ուրիշ, առանձնահատուկ ձեւով էինք սիրում»:

Մհերի հորեղբայրները շատ ասելիք ունեն նրա մասին. պատմում են, որ գերազանց առաջադիմությամբ է սովորել, բանաստեղծություններ է գրել. «Ինքը 4-5 տարեկանում արդեն բանաստեղծություններ էր հորինում այնպիսի բառերով, որ զարմանում էինք: Հայրենասիրական երգեր էր սիրում երգել ու շատ լավ ձայն ուներ: Միշտ ժպիտը դեմքին էր, հումորով եւ շատ ուրախ մարդ էր»:

«Մեկ տարեկան ութ ամսականում աշխարհի քարտեզն անգիր գիտեր: Մարդիկ չէին հավատում, մտածում էին, թե ինչ-որ հնարք կա: Մի օր մեր հարեւանը հոր տանից գլոբուսը բերեց, որ մեր պատի քարտեզից տարբերվի, բայց Մհերը նորից ճիշտ էր պատասխանում: Երկու տարեկանում մեծ թվեր էր գումարում, հանում: Թե ի՞նչ ձեւով էր անում: Ինքն իր հաշվելու սիստեմն ուներ, մենք չգիտեինք, թե դա ոնց ա անում, սովորեցնող չի եղել, ինքն էր հորինել»,- պատմում է Մհերի հայրը:

Մայրն էլ հիշում է, որ Մհերը վեց տարեկանում է դպրոց ընդունվել. «Չնայած այն ժամանակ խիստ էր, յոթ տարեկանից էին միայն դպրոց ընդունում, բայց նրա մասին արդեն գյուղում բոլորը գիտեին, դրա համար էլ ընդունեցին առանց խոսքի: Դպրոցը գերազանց ավարտեց: Ճեմարան էր գործերը տվել, բայց դիտավորյալ շարադրությունը չգրեց, որ կտրվեր: Ասում էր՝ «գնամ բանակ, գամ, նոր կտեսնենք»:

Արփինեն՝ Մհերի համադասարանցին, հիմա Մհերի եղբոր կինն է: Նա որպես մի պայծառ կերպարի է հիշում Մհերին ու պատմում, որ նա չէր սիրում ետ կանգնել իր խոսքից:

«Մի անգամ էլ, երբ դեռ փոքր էր,- հիշում է Լարիսան,- հանդեսի ժամանակ մի բանաստեղծություն պետք է ասեր, որում այսպիսի տող կար՝ «իմ մայրը տրակտորիստ է»: Շատ էր անհանգստանում, ամբողջ օրը գնաց-եկավ, վերջը որոշեց, որ էդ տողը չի ասելու, որովհետեւ, ասում էր, «իմ մայրը տրակտորիստ չի՛»:

Մհերի ընտանիքում անփոփոխ մի սովորություն կա. «ժամացույցով» են ճաշում՝ ժամը մեկին եւ հինգն անց կեսին: Ամբողջ գյուղը գիտի այս մասին: Բարեկամներն ասում են. «Թե սոված ես, Արամենց տանը հիմա հաց են ուտում, գնա՛ կեր»: Տան խոհարարը Լարիսան է. «Մհերը շատ էր սիրում, որ ճաշը համով լինի, սեղանն էլ պետք ա սիրուն, տեղը-տեղին գցված լիներ»: Մայրը հիշում է, թե որդին որքան ուշադիր էր, երբ ինքը խոհանոցում էր, ու արագ սովորում էր տեսածը. «Մի օր հիվանդացել էի, խմոր էի սարքել, որ հաց թխեմ, բայց լավ չէի զգում, չկարողացա գործս վերջացնել: Մհերն եկավ, ասաց. «Մամ ջան, ես կթխեմ հացը»: Գնաց, ձեռքերը քշտեց, հերն ու եղբայրը երկու կողմից նայում էին, թե ոնց ինքն այդ ամբողջ հացը թխեց»:

Արամը պատմում է, որ Մհերն իրեն օգնում էր նույնիսկ ավտոմեքենան վերանորոգելիս: Շատ հաճախ, երբ հայրը միայնակ դժվարանում էր գործն ավարտել, Մհերն առանց խոսքի, ինքնուրույն վերանորոգում էր մեքենան: «Ամեն ինչից խելքը կտրում էր»,- ասում է հայրը:

Հիմա նրանց տանը նորից Մհեր է մեծանում, Արամի եւ Լարիսայի թոռը: Հարազատներն ասում են, որ փոքրիկ Մհերը մեծ Մհերին շատ է նման՝ թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: «Իմ տղեն էլ էր սիրում, որ հյուրեր էին գալիս, ու անպայման պետք ա հյուրերին լավ ընդունեինք… Շատ էր սիրում, երբ իր ծննդյան օրը շատ հյուրեր էր ունենում ու անպայման խորոված պետք ա անեինք: Նոր տարվա գիշերն էր շատ սիրում, ցերեկը քնում էր, որ կարողանար այդ գիշերն արթուն մնալ»,- պատմում է Լարիսան: Փոքր Մհերը, տատիկի հետ հորեղբոր գերեզմանն այցելելիս, հարցնում է. «Տատի՛կ, որ հոպարը երկնքում ա, մենք ինչի՞ ենք էս քարի մոտ գալիս ու լացում»:

«Մհերը մեր մտքից ոչ մի րոպե դուրս չի գալիս՝ վառվելով ապրում ենք»,- ասում է Մհերի հայրը:

Մհեր Մովսեսյանը զոհվել է 2007թ. հունվարի 22-ին՝ ադրբեջանական կողմի զինվորականների դիվերսիայի հետեւանքով: Նա 19 տարեկան էր։

Վերադարձ

Դու մի՛ լացիր

Անուշ մայրիկ,

Կյանքն այսպես

Չի մնա:

Գուցե մի օր

Գարուն կգա,

Ու քո որդին

Շուտ տուն կգա:

Նորից կգամ ես

Մեր տուն,

Ուրախություն կտիրի,

Ու մայրիկիս աչքերում

Նորից արեւ կբացվի:

Մհերի՝ բանակում գրած բանաստեղծություններից:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728