Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայբիզնեսբանկն» օժանդակում է վաճառել սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքները

Փետրվար 26,2013 14:42

Քանի դեռ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը հնարավոր բոլոր միջոցներով պայքարում է իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին կանխամտածված սնանկացման տարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, մինչ պահանջում է հարուցված քրեական գործի վրա պետական վերահսկողություն եւ արդեն տեղի ունեցած ապօրինությունների բացահայտում, Մաշտոցի պողոտայի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված 33/1 շենքում շարունակվում է տարածքների վաճառքը:

Եվ բավական չէ այն, որ շենքը այսօր լցված է ամենատարբեր պաշտոնյաներով, որոնք, իհարկե, իրենց բնակարանները գրանցել են ոչ թե իրենց, այլ ազգականների, կանանց, մորաքրոջ տղաների եւ անգամ վարորդների անուններով, շենքի տարածքների վաճառքն արդեն բացեիբաց գովազդում է «Հայբիզնեսբանկը»:

Պարզվում է, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի գույքային համալիրը «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջոցով թալանելու եւ փողերի լվացման հարցում «Հայբիզնեսբանկն» էլ ունի իր դերակատարումը:

Նախ՝ բանկը «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի կողմից յուրացված եւ տարբեր անձանց անվամբ գրանցված Մաշտոցի 33ա, Մաշտոցի 33/1 հասցեների գույքերի դիմաց է վարկ տրամադրում: Այնուհետ իր կայքում տեղադրված գովազդով (https://www.armbusinessbank.am/am

/event/read/url:ansharj-guyq) «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին օժանդակում է՝ Մաշտոցի 33/1 հասցեի տարածքների վաճառքի հարցում:

«Հայբիզնեսբանկի» կայքում տեղադրված հայտարարությունը հետեւյալն է. «Հարգելի հաճախորդ: Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայբիզնեսբանկի» հետ համագործակցող մի շարք շինարարական կազմակերպություններ, «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն Մաշտոցի պողոտա 33/1 շենքի հասցեում սկսել է առանձին բնակարանների վաճառքը՝ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով սահմանելով շուկայականից ցածր գներ»:

Այս դեպքում, ինչպես նշում է ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ակնհայտ է, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն համագործակցել է «Փողերի լվացում» իրականացնող «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ: Այսինքն՝ բանկը, ըստ իր հայտարարության, գործընկեր է մի ընկերության, որի դեմ շուրջ 2 տարի է՝ դատական գործեր են ընթանում եւ որի ղեկավարի անունն ու գործերը մանրամասնորեն ներկայացված են լրատվամիջոցներով:

«Առնվազն զարմանալի է, որ վերոնշյալ բանկը գործ ունի մի անձի՝ Վլադիսլավ Մանգասարյանի հետ, որը 2009 թվականին նախ սնանկ է ճանաչվել, այնուհետ գլխավորել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմված տվյալ տարվա անբարեխիղճ պարտապան ֆիզիկական անձանց սեւ ցուցակը (https://www.panorama.am/am/society/2009/02/13/kb/www.regnum.ru/news/polit/1515007.htm/?sw): Ինչպե՞ս կարող է բանկը համագործակցել «սեւ ցուցակում» հայտնված անձի հետ, գույքեր գրավ վերցնել նման անձից, ընդ որում՝ այդ գույքերի ապօրինի ծագման, «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջոցով «փողերի լվացման» վերաբերյալ մամուլում առկա են հարյուրավոր հոդվածներ»,- ասում է Էդմոնդ Խուդյանը:

Նշենք, որ Վ. Մանգասարյանի կողմից «Արին կապիտալ» ընկերությունից ապօրինաբար անհատույց ձեռք բերված եւ բանկում գրավադրված ամենաարժեքավոր գույքը Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունն է:

Մանգասարյանն այդ գույքը 2010թ. օգոստոսի 10-ին նախ ձեւակերպել է իր գործընկեր Սեւակ Արզարունու անունով, այնուհետեւ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին այն անվանափոխել է կեղծ գնորդ Ռոբերտ Հարությունյանի անվամբ: Մանգասարյանը վերջինիցս այդ գույքը տնօրինելու լիազորագիր է վերցրել իր եղբայր Ռուբեն Մանգասարյանի անվամբ եւ 2011 թվականի հուլիսի 11-ին Մաշտոցի 33ա շինությունը գրավադրվել է «Հայբիզնեսբանկում»՝ «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին 824.600.000 ՀՀ դրամ վարկի տրամադրման դիմաց:

Բազմիցս տեղեկացրել ենք, որ Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից, բողոքներից, նամակներից հետո 2011թ. մայիսի 3-ին «կանխամտածված սնանկության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Սակայն ՊԵԿ-ի եւ դատախազության անգործության պայմաններում քրեական գործով մինչ օրս ոչ կասկածյալներ կան, ոչ մեղադրյալներ:

Քրեական գործով փորձաքննությունը միայն վերջերս է սկսվել եւ այնքան էլ պարզ չէ՝ իրականում ընթանո՞ւմ է, թե՝ ոչ: Նախաքննության ողջ ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանը շարունակում է շենքում բնակարանների վաճառքը, եւ նրան ոչ ոք չի էլ փորձում կանգնեցնել:

Սփյուռքահայ ներդրողների շահերի

պաշտպանության նախաձեռնություն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728