Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես «վազել» կնոջ ետեւից

Փետրվար 26,2013 14:39

Կամ Արմեն Միրզոյանի նոր ֆիլմը՝ իբրեւ  մարտիության նվեր

Հայ իրականության մեջ, վերջին շրջանում, շատ ֆիլմեր են նկարահանվել եւ դեռ նկարահանվում են, սա նշանակում է, որ հայ կինեմատոգրաֆիան արթնացել է իր երկարատեւ քնից եւ անում է ամեն ինչ՝ հայ հանդիսատեսին գոհացնելու համար: Շատ քիչ ժամանակ է անցել «Վազիր կնոջդ հետեւից» կատակերգության նկարահանումների ավարտից, եւ մենք ֆիլմի վերաբերյալ մանրամասները փորձեցինք ճշտել հենց ֆիլմի ռեժիսոր Արմեն Միրզոյանից: Այն հարցին, թե ինչպե՞ս առաջացավ ֆիլմը նկարահանելու գաղափարը, եւ արդյոք չի՞ վախենում քննադատություններից, ռեժիսորը պատասխանեց, որ ֆիլմը նկարահանելու գաղափարը միշտ էլ կար, այնուհետեւ հավելեց. «Ամաս Մեդիան» պլանավորել էր նկարահանել ֆիլմ, ես էլ հարմար պատմություն էի փնտրում, աչքովս ընկավ Ռեյ Կունիի Run for your Wife պիեսը, կարդացի, հավանեցի, այնուհետեւ ընկերներիս էլ խորհուրդ տվեցի կարդալ: Գործը բոլորիս սրտով էր, որոշեցինք ադապտացնել ու նկարահանեցինք ֆիլմը: Մեր ֆիլմը լավ կատակերգություն է, որտեղ առկա է ինտելեկտուալ հումոր: ֆիլմի գլխավոր հերոսը Հովհաննես անունով տաքսու վարորդն է: Նա երկու կին ունի՝ Մարիամը եւ Լիլիթը: Վարջինս ամեն ինչ անում է, որպեսզի կանայք չիմանան մեկը մյուսի գոյության մասին: Հովհաննեսի հորինած ստերը միշտ չէ, որ նրան օգնում են, եւ նա անընդհատ նոր ստեր է հորինում՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Ֆիլմի ստեղծագործական կազմը փորձել է այնպես անել, որ դիտման ժամանակ ապահովվի հանդիսատեսի բարձր տրամադրությունն ու հոլիվուդյան ժպիտը: Քանի որ թեման կապված է կանանց հետ, որոշեցինք ֆիլմի տեսքով մարտիության նվեր պատրաստել մեր կանանց: Քննադատություններից չեմ վախենում, քանի որ լավ աշխատանքը միշտ էլ կարիք ունի առողջ քննադատության, սակայն մեր իրականությունում կա նաեւ այլընտրանքային քննադատություն, որին ես պարզապես լուրջ չեմ մոտենում: Երբեմն ոմանք վերցնում եւ ուղղակի «քլնգում» են»:
Հարցին՝ Ռեյ Կունիի Run for your wife պիեսը ինչպե՞ս են հարմարեցրել հայ իրականությանը եւ ինչպիսի՞ խնդիրների են առնչվել այն նկարահանելու ընթացքում, ռեժիսորը պատասխանեց. «Նախ խնդիր էր, որ պիեսը գրվել է կարծեմ 1983 թվականին, այսինքն՝ բջջային հեռախոսներ չկային, հետո խնդիր էին չափազանց անգլիական կերպարները, որոնք «հայկականացրել» ենք: Կային խնդիրներ նաեւ դերասանների ընտրության հարցումքաստինգի միջոցով: Պետք էր երկու կին, ովքեր պետք է հակակշիռ լինեին, պետք էր գլխավոր հերոս՝ ոչ սովորական տրամաբանությամբ, ստանդարտից դուրս եւ այլն: Կարծում եմ՝ սցենարիստ Կարեն Մնացականյանի հետ կարողացանք լուծել այս խնդիրները»: Ֆիլմի բյուջեի մասին ռեժիսորը խոստացավ բարձրաձայնել մարտի 5-ին: Նշենք, որ կատակերգությունը էկրան կբարձրանա մարտի 7-ին: Ֆիլմի երաժշտության հեղինակն է ՀՏ Հայկոն, իսկ գլխավոր օպերատորը՝ Հենրի Սարգսյանը:

ՎԱՐԴՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728