Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ երեւան հայ պարողն ու խորեոգրաֆը

Փետրվար 26,2013 14:33

Ըստ Երեւանի պարարվեստի քոլեջի տնօրենի, ճիշտը հայ պարողին հայ բեմադրիչի պարով «Եվրատեսիլ» ուղարկելն է:

«Պարային Եվրատեսիլը», որն առաջին անգամ անցկացվել է 2007թ., Լոնդոնում, BBC հեռուստաընկերության նախաձեռնությամբ եւ 16 երկրի մասնակցությամբ, հարթ ճանապարհ չի ունեցել: Երկրորդ մրցույթը կայացել է 2008թ., Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, իսկ 2009-ին Բաքվում պլանավորված մրցույթը չի իրականացել՝ մասնակից երկրների ոչ բավարար քանակի եւ մրցույթի նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառով, եւ «Պարային Եվրատեսիլի» պատասխանատու Սվանտե Ստոկսելիուսը հայտարարել է, թե առաջիկա երկու տարիներին մրցույթը «հանգստանալու» է:

Այս տարի վերսկսված մրցույթին, որ կանցկացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքում՝ հունիսի 4-ին, Հայաստանը կներկայացնի Երեւանի պարարվեստի քոլեջի 3-րդ կուրսի սան Վահագն Մարգարյանը (լուսանկարում): Եվ քանի որ մեզանում հայտարարված մրցույթին մեծ քանակությամբ հայտ ներկայացված էր քոլեջի կողմից (20 հայտ), հանդիպեցինք վերջինիս տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանի հետ: Խոսելով երեւանյան փուլի հաղթողի մասին, տնօրենն ասաց, որ Վահագնը ի սկզբանե քոլեջում ուսանել է ժողովրդական պարի բաժնում, հետո՝ երբ տեսանք նրա՝ իբրեւ պարողի օրեցօր աճը եւ հետաքրքրությունը դասական պարի հանդեպ, տեղափոխեցինք դասական պարի բաժին, վաստակաշատ պարուսույց Հրաչյա Հովհաննիսյանի դասարան: «Ի դեպ, նման դեպքեր պատահում են: Օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի բալետի թատրոնի առաջատար մենապարող Դավիթ Կարապետյանն էլ քոլեջում ուսումը սկսել է ժողովրդական պարի բաժնում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հետաքրքիր է, որ Քրիստինա Հարությունյանը, ով անցյալ տարի Դելփյան խաղերում արժանացավ ոսկե մեդալի եւ ուսանում է Արմեն Գրիգորյանի դասարանում, մասնակցելով «Պարային Եվրատեսիլի» ուղեգրի համար հայաստանյան մրցույթին, հասավ եզրափակիչ, բայց չարժանացավ ժյուրիի հավանությանը: Դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Գրիգորյանն ասաց. «Մինչեւ որեւէ մրցույթին մասնակցելը, անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ դաշտը: Ժյուրին, որի կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստներ Նորայր Մեհրաբյանը, Վիլեն Գալստյանը, Էլմիրա Մնացականյանը, Հովհաննես Դիվանյանը վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, մեր քոլեջի սյուներն են, հայկական դասական պարի գիտակները, ընդ որում՝ թե կատարողական, թե բեմադրական եւ թե մանկավարժական առումով: Իմ կարծիքով՝ Վահագնի ընտրությունը ճիշտ է»:

Հարցին, թե մշտապես խոսվում է այն մասին, որ չունենք մոդեռն պարի մասնագետ, մինչդեռ «Եվրատեսիլում» պետք է ներկայացվի հենց այդ ոճի պար, Ա. Գրիգորյանը նշելով, թե մոդեռն պարի խորեոգրաֆ ոչ թե մեկ, այլ մի քանիսը կան, ասաց. «Պետք է տեսնել, թե որ խորեոգրաֆի ձեռագիրը տեսական ու պարային լուծումներով ու, անշուշտ, մոդեռն պարի մտածելակերպով կհամապատասխանի պարողին, այս դեպքում՝ Վահագնին: Եղել է առաջարկ, որ արտերկրից հրավիրվի մոդեռն պարի բեմադրիչ: Չեմ կարծում, որ մեկուկես րոպեանոց պար բեմադրելու համար որեւէ հայտնի խորեոգրաֆ ժամանի Հայաստան: Համաձայնելու դեպքում էլ, անշուշտ, կպահանջի մեծ հոնորար: Այսօրվա դրությամբ դեռ ոչ մի բան կոնկրետ չէ»: Հիշեցնելով, որ մենք Արեւմուտքում ունենք հայաստանցի շուրջ 50 բարձրակարգ պարող, ովքեր ժամանակի ընթացքում մասնագիտացել են մոդեռն պարային ոճում, հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ նրանցից որեւէ մեկին հրավիրել: Մեր զրուցակիցը նշեց, որ դրսում բեմ բարձրացող շուրջ 50 պարողից 7-ը թե իբրեւ բալետի արտիստ եւ թե իբրեւ խորեոգրաֆ համապատասխանում են այսօրվա բալետային արտիստի համաշխարհային չափանիշներին, ապա հավելեց. «Լավ ճանաչելով դրսի մեր ուժերին, ես կհրավիրեի, օրինակ, Ստոկհոլմի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանին, որովհետեւ վերջին շրջանում նրա կողմից իրականացված բեմադրությունները բարձր գնահատականի են արժանանում եվրոպական մամուլում: Եվ որ ամենակարեւորն է՝ Եվրոպային միանգամից ցույց կտանք եւ բալետի հայ արտիստի, եւ հայ խորեոգրաֆի»: Ինչ վերաբերում է երաժշտության ընտրությանը, պարոն Գրիգորյանը գտնում է, որ պետք է «միքսել» հայկական դասական երաժշտությունը ժամանակակցի հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728