ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյից 20 կմ հեռավորության վրա գտնվող Պուլուլալուա քնած հրաբխի խառնարանում հյուրանոց է կառուցվել՝ El Cra՛ter Hotel-ը:
Նախագծի հեղինակները թերեւս սպասում են սուր զգացողությունների սիրահար զբոսաշրջիկներին, որոնք առավոտներն արթնանալու են իրարամերժ զգացումներով՝ վախի եւ ուրախության, կասկածի եւ ինքնավստահության: Պուլուլալուա հրաբուխը 2.5 հազար տարի շարունակ քնած է եղել, սակայն El Cra՛ter Hotel-ի եւ ոչ մի այցելու կամ աշխատակից վստահ չի կարող լինել, որ 2.5 հազար տարի անց հրաբուխը չի արթնանա իր՝ հյուրանոցում գտնվելու պահին:
Թեպետ 2013թ. ՀՀ նախագահի ընտրապայքարն ավելի շատ խաղատուն էր հիշեցնում՝ 8 միլիոն դրամ նախնական խաղադրույքներով, սակայն նախագահի
Կարդացեք նաև
թեկնածու Սերժ Սարգսյանը, վստահ, որ քաղաքական շախմատ է խաղում, ձգտում էր ավարտել վերջին խաղափուլը եւ սկսել նոր՝ երկրորդ շրջափուլը:
Փետրվարի 18-ի ընտրությունների առավոտը Սերժ Սարգսյանը հավանաբար չի ապրել Էկվադորի հրաբխի խառնարանում կառուցված հյուրանոցի այցելուների
հոգեվիճակը: Նա մտածել անգամ չէր կարող, որ Հայաստանը «երկու ղարաբաղցիների» կառավարման հետեւանքով ի վերջո հայտնվել է հրաբխի խառնարանում:
Եվ այժմ՝ ընտրություններից օրեր անց, Հայաստան կոչվող հրաբուխը սկսել է արթնանալ, որի խառնարանում են հայտնվել ոչ միայն նախագահի թեկնածուները՝
ղարաբաղյան ծագմամբ Սերժ Սարգսյանն ու կալիֆոռնիական ծագմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլեւ Հայաստանի բնակչությունը:
Կժայթքի՞, արդյոք, ետընտրական Հայաստանի այս հերթական հրաբուխը. Սերժ Սարգսյանի իշխանության համար արդեն անկարեւոր է. այդ իշխանությունը հայտնվել է խառնարանում՝ հրաբխի վրա, որտեղ ոչ ոք շախմատ չի խաղում:
1. Քաղաքական
ցեյտնոտ ապաքաղաքական
ընտրապայքարում
2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններից մի քանի ամիս առաջ ներհայաստանյան քաղաքական խաղադաշտում առաջացած անորոշությունն աստիճանաբար խորացավ եւ չցրվեց նաեւ ընտրություններից հետո: Ի սկզբանե անորոշությունը դարձավ այս ընտրությունների անբաժան ուղեկիցը: 2012 թ. մայիսին կայացած Ազգային ժողովի ընտրություններում Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի ձեռամբ ձեւավորած քաղաքական քարտեզը, որտեղ ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է կազմում, երկրին քաղաքական կայունություն չբերեցին, եւ քաղաքական անորոշության մշուշը խտացավ ու տարածվեց՝ պատելով նաեւ պետական կառույցները, որտեղ տրամադրությունները սպասողական էին: Քաղաքական եղանակի վատ տեսանելիության պայմաններում միայն ստեպ-ստեպ երեւում էին այն ավերածությունները, որոնք առաջացել էին հայաստանյան կուսակցական դաշտում:
Քաղաքական տարեմուտին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է չխաղալ առաջին երկու խաղափուլերը՝ սկզբնախաղն ու միջնախաղը եւ միանգամից սկսել է վերջնախաղը: Մինչդեռ հենց միջնախաղում էր մշակվում մարտավարությունը, դիրքային առանձնահատկությունները, մրցակիցների խաղաոճը եւ հոգեբանական հաշվարկը: ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումների, գրանցումների եւ գրացման մերժումների ավարտից հետո Սարգսյանը սկսեց վերջնախաղը:
Ութ միլիոն դրամ կազմող ընտրագրավը ցանկապատեց Հայաստանի քաղաքական դաշտը, սակայն ընտրապայքարին թմբկահարվող լրջություն չհաղորդեց: Նախագահի թեկնածուների լրջությունն ուղիղ համեմատական էր գործող իշխանությունների քաղաքական որակին: Հայաստանյան ընտրական խաղադաշտում յուրաքանչյուրը հանդես էր գալիս իր նախընտրած մարզաձեւով: 2013 թ. փետրվարի 18-ի քաղաքական ընտրություններում ամեն ինչ կար, բացի քաղաքականությունից: Անգո, անիրական «ապահով Հայաստանը» եւ «Րաֆֆու եւ Սերժի Հայաստանը» հասարակական ընկալումներում դժվար էր տեղավորել: Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանը» խորհրդանշող թխկենու տերեւը պոկվել էր սառնաշունչ Կանադայի պետական դրոշից եւ ոտնատակ էր տրվել ուսանողական պարտադրված հավաքից հետո: Կանադայի ազգային միասնությունը խորհրդանշող թխկենու տերեւը Հայաստանին ազգային միասնություն եւ ապահովություն չբերեց: Սերժ Սարգսյանը սխալվել էր՝ ապաքաղաքական, բովանդազուրկ ընտրարշավը շփոթելով ազգային միասնության հետ: Աստվածաշնչյան Մովսեսի տեսքով եւ քայլքով ուսանողներին հայտնվելուց հետո Սերժ Սարգսյանը դեն նետեց բեմական թիկնոցը եւ ընտրողներին հանդիպեց առանց քաղաքական շպարի: Ապաքաղաքական ընտրարշավի ընթացքում, քաղաքական սկզբունքների եւ գաղափարների պայքարի, քաղաքական շեշտադրումների եւ հայտարարությունների իսպառ բացակայության պայմաններում ընտրապայքարի հողում թե վարունգն էր թարս բուսնում, թե 150000 դրամանոց աշխատավարձով աշխատատեղերն էին անհրապույր գովազդային թերթիկների պես գետնին թափված, իսկ շենացող, կառուցապատվող, երկրի մասին քաղաքական ձոներգը չեբուրաշկաներն էին հղում:
Ընտրարշավի 27-օրյա կարճ ժամկետը սպառվում էր Սերժ Սարգսյանի «ինչքան ուզես, էնքան խփենք», «եկել ես, որ ի՞նչ անես» հայտարարությունների, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժպտա եւ բարեւիր, մազերդ կտրիր եւ կոշիկ գնիր ընտրական մարտավարության վրա: Մյուս կողմից էլ նախագահի մյուս թեկնածուների՝ Վարդան Սեդրակյանի՝ հայկական էպոսի պատումները եւ Հրանտ Բագրատյանի տնտեսական բարեկեցության ցուցանիշներն էին քաղաքական նիրվանա առաջացնում: Քաղաքական իրավիճակի վերլուծության, գործող իշխանության քաղաքական ուղեգծի սխալների, բացթողումների, կորուստների վերհանման բացակայությամբ ընթացող ընտրապայքարում բոլոր թեկնածուները վայելում էին ապաքաղաքական ընտրապայքարի անդորրը մինչեւ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակված կրակոցը, որի դրդապատճառները դեռ հայտնի չեն (կամ հայտնի են միայն նախաքննական մարմնին): Կրակոցն ավելի խտացրեց քաղաքական անորոշությունը, իսկ Հայրիկյանն ինքը սկսեց լողալ ընտրական գետում՝ չկողմնորոշվելով, թե որ ափը դուրս գա: Ի վերջո՝ ընտրական գետը քշեց-տարավ անկախության խորհրդանիշի նրա առասպելական դափնեպսակը:
Տպավորությունն այնպիսին էր, որ նախագահի բոլոր թեկնածուներն էլ նույն քաղաքական թիմից էին, որոնք հավաքվել էին նույն ափում՝ սպասելով խաղաժամկետի ավարտն ազդարարող ժամացույցի դրոշակի վայր ընկնելուն: Մինչդեռ իրականում նրանք բոլորը հայտնվել էին քաղաքական ցեյտնոտում՝ վատնելով ընտրական ժամանակահատվածը եւ ընդհուպ բախվելով ժամանակի սղությանը: Քաղաքական կոշտ ցեյտնոտը ապաքաղաքական ընտրապայքարը վերջնականապես զրկեց քաղաքական տրամաբանությունից եւ մտածված, հաշվարկված քայլերի հաջորդականության հնարավորությունից՝ ընտրախաղը վերածելով աննպատակ, թույլ քայլերի շարանի:
2. Քաղաքական ցուգցվանգ
քվեարկությունից առաջ
Ի սկզբանե մրցակցությունից զրկված ընտրարշավում, ուր Սերժ Սարգսյանը հնարավորություն էր ստացել ընտրել իր մրցակիցներին, նրա ընտրությունը շատերն էին կանխորոշված համարում: Այդ կանխորոշվածությունը թելադրում էր ոչ միայն ընտրարշավի տրամաբանությունը եւ քաղաքական պայքարի բացակայությունը, այլեւ պայմանավորված էր ընտրություններին չմասնակցած տարբեր կուսակցությունների՝ «եթե ոչ մենք, ապա մեզնից բացի՝ ոչ ոք» վատ քողարկված ձգտումներով: Այդ առումով Րաֆֆի Հովհաննիսյանի վիճակն աննախանձելիորեն բարդ էր. նա ստիպված էր գրեթե միայնակ անցնել ոչ միայն կոշտացող եւ աստիճանաբար անթաքույց դարձող այդ ձգտումների միջով՝ ըստ էության չկարողանալով դրանց հակադրել ոչինչ կամ գրեթե ոչինչ, այլեւ քայլել հասարակական-քաղաքական սարկազմի, ծաղրի, թերահավատության, տարակուսանքի միջով գրեթե ոտաբոբիկ, քանի որ ընտրարշավի ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքական եւ քաղաքագիտական նրա փորձառությունը խիստ անբավարար էր ՀՀ նախագահի՝ անգամ ապաքաղաքական ընտրապայքարում: Եվ այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանին օգնության եկավ նրա ամենակարող եւ հիմնական մրցակիցը՝ Սերժ Սարգսյանը: Վստահ սեփական անվիճելի հաղթանակի վրա՝ Ս. Սարգսյանն օգնության ձեռք մեկնեց Ր. Հովհաննիսյանին՝ նրան աստիճանաբար այլընտրանք եւ հիմնական մրցակից դարձնելով: Հովհաննիսյանն իր հերթին չէր անդրադառնում, չէր քննարկում Սարգսյանի կառավարման ժամանակահատվածի արատները՝ սկզբում կարծես փորձելով ծվարել Սարգսյանի ստվերում՝ նրան պատեհ-անպատեհ անվանելով՝ «իմ հիմնական մրցակիցը», սակայն աստիճանաբար դառնում էր ավելի ու ավելի ինքնավստահ: Իր՝ անգամ բազմաբարեւ ընտրարշավում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր իր «հիմնական մրցակցի» թեկնածության հասարակական մերժմանը, եւ արդեն ընտրարշավի վերջում նրա բառապաշարում հայտնվեցին առաջին թռուցիկ քաղաքական քննադատությունները:
Միաժամանակ, թե Սարգսյանը, թե Հովհաննիսյանը վատ գիտեին, չէին ճանաչում հայաստանցիներին. Հայաստանում 15-20 տարվա նրանց բնակությունը հայաստանցներին ճանաչելու համար դեռեւս անբավարար էր:
Ընտրարշավի բերած թույլատրելի ազատության քամիներն աստիճանաբար ուժեղացան՝ բացելով հանրային կյանքի պատուհանները փոփոխությունների առջեւ: Վստահ, որ ձեւավորել է օրինակելի եւ կառավարելի այլընտրանք, ապահովել կանխատեսելի ընտրարդյունք՝ գրեթե կրկնապատկելով ընտրողների իրական թիվը, Սերժ Սարգսյանը հանգիստ շունչ քաշեց. խաղաղ, կանխորոշված ընտրությունների համար արել էր հնարավորը: Նման ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հնարավոր էին:
Մինչդեռ ընտրախաղում Սարգսյանն ավելի ու ավելի էր վտանգում իր դիրքերը: Ընդ որում, այդ վտանգը մեծանում էր ոչ թե մրցակցի՝ Հովհաննիսյանի քաղաքական ռազմավարության մշակման եւ իրականացման արդյունքում, այլ իր իսկ քայլերի՝ սեփական ռազմավարության եւ մարտավարության հետեւանքով: Սերժ Սարգսյանն այլեւս չէր կարողանում օգտակար, անգամ՝ չեզոք քայլեր կատարել, իսկ յուրաքանչյուր քայլ ավելի էր վտանգում նրա դիրքերը, ըստ այդմ նաեւ՝ արդյունքները: Շախմատային դասական ցուգցվանգը նույնությամբ գործում էր նաեւ այս ընտրախաղում. քայլ անել չի կարելի, իսկ չանել չի թույլատրվում:
3. Էնդշպիլ եւ մատ խաղի
վերջում
Թեպետ ԿԸՀ պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների հարաբերակցությունը կազմում էր համապատասխանաբար 58.64 եւ 36.74 տոկոս, սակայն հասարակական լայն զանգվածները վստահ էին, որ ընտրություններում, անգամ տարաբնույթ ընտրախախտումների արդյունքում, իրականում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա հաղթանակն ապահովվեց Սերժ Սարգսյանի ուղեգծի հանրային մերժմա՞ն, այլ թեկնածուների՝ ընտրություններից դուրս մնալո՞ւ, ներիշխանական դժգոհությա՞ն արդյունքում, խիստ անկարեւոր է, մանավանդ որ «կողմ» ձայները միշտ էլ աճում են «դեմ» քվեարկած ձայների հաշվին, իսկ ընտրազանգվածն էլ որեւէ գործչի կամ կուսակցության սեփականություն չէ: Հովհաննիսյանը կամ հաղթել է, կամ ընտրախախտումներն այնքան շատ են, որ անհնար է վերականգնել քվեարկության իրական պատկերը: ՀՀ նախագահի նոր ընտրությունները քաղաքական միակ փոխզիջում կարող է լինել:
Սակայն Սերժ Սարգսյանի համար ոչ միայն նոր ընտրությունները, այլեւ երկրորդ փուլն ի սկզբանե բացառված էր. Հայաստանում գործող իշխանությունը, 1996թ. նախագահի ընտրություններից ի վեր, իշխանությունը չի հանձնում քվեատուփից հանված քվեաթերթիկների արդյունքում: Դա գիտեին թե Սարգսյանը, թե Հովհաննիսյանը, թե քվեարկությանը մասնակցած ՀՀ քաղաքացիները: Ընտրությունների քաղաքական դիրքորոշումը քվեարկությանը չմասնակցած ընտրողներն էին եւ անվավեր քվեաթերթիկները՝ հայտնի կամ անհայտ մակագրություններով:
Փետրվարի 18-ից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական եռանկյունու մի կողմում Սերժ Սարգսյանն էր, մյուսում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, երրորդում՝ ՀՀ բազմահազար քաղաքացիները: Առաջին երկուսը՝ շփոթահար են, երրորդ կողմը՝ վճռական եւ աներեր, սակայն՝ իրականում անառաջնորդ:
Բացահայտ մատ արձանագրելով քվեարկությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ետընտրական այս կարճ ժամանակահատվածում կատարեց առաջին լուրջ սխալները.
– իրականում անպատրաստ իր հաղթանակին՝ Հովհաննիսյանն ընդառաջ գնաց Սարգսյանին՝ նրան, ըստ էության, առաջարկելով քաղաքական ոչ- ոքի,
– անձամբ գնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ թիկունքում ավելի քան կես միլիոն քաղաքացիների շնչառությունը,
– նրա բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ, մեծ հաշվով, անհայտ են մնում՝ ծնելով կասկածներ ու հարցականներ, իսկ Սարգսյանի թիմը սպառնում է հրապարակայնացնել հանդիպման մանրամասները,
– զուրկ ետընտրական պայքարի ծրագրից եւ չհաշվարկելով քայլերի ճշգրիտ հերթագայությունը՝ Հովհաննիսյանը չի կարողանում պաշտպանել ընտրողների քվեները,
– նա անպատրաստ է դիմավորում իշխանությունների ամենասովորական արգելքները, անգամ՝ հարթակի հոսանքազրկումը,
– Հովհաննիսյանը չի կարողանում ոչ քաղաքական, ոչ էլ հեղափոխական վարքագիծ դրսեւորել, իսկ իրավիճակը հեղափոխական է:
Դրանք դեռ անվերադարձ սխալներ չեն, սակայն դրանց արդյունքում նորածիլ շարժումը կարող է մաշվել:
Սերժ Սարգսյանի համար էնդշպիլը մոտենում է: Նա հայտնվել է 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճակում, երբ ինքն իրեն եւ իր թիմին շնորհավորելիս եւ շնորհակալություն հայտնելիս անհամոզիչ էր եւ շփոթահար: 1996 թ. կեղծված ընտրություններից 17 ամիս անց Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի» պահանջով հրաժարական տվեց: Իշխանափոխությունը պալատական հեղաշրջմամբ չհանգուցալուծելու համար Սերժ Սարգսյանի համար քաղաքական այս շախմատի արդյունքը պետք է պայմանավորված լինի ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ցանկությամբ եւ վարքագծով, այլ ՀՀ քաղաքացիների կամքով:
Շախմատային էնդշպիլը մոտենում է. խաղի վերջնամասում պետք է հաղթի հասարակությունը: Այժմ ողջ Հայաստանն է հայտնվել հրաբխի խառնարանում, որտեղ ոչ ոք շախմատ չի խաղում: