Ըստ Աշոտ Գրիգորյանի` նրա գործունեությունը նախապես պլանավորված է եղել:
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Եվրոպայի հայերի միության ֆորումը 2013թ-ը հայտարարել է հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի: Այս հարցում մենք շարունակում ենք մեր պայքարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ` կապված Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման փաստի հետ,-այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց Եվրոպայի հայերի միության ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ապա հավելեց,-բողոքում ենք, որ վերոհիշյալ փաստը չի արձանագրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի հիմնական գործունեության նպատակը պետք որ դա լիներ: Պարզել ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից 1,5 միլիոն դոլար է ստացել` Մեհրիբան Ալիևայի միջոցով, այդ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի դեմ մեղադրանք ենք ներկայացրել: Խնդիրն այն է, որ Փարիզում տարիներ առաջ ներկայացվեցին հայկական խաչքարեր, իսկ ցուցադրությունից առաջ Թուրքիան եւ Ադրբեջանը բողոքեցին, թե հայերն իրավունք չունեն «իրենց մշակութային նմուշները» ցուցադրել առանց իրենց թույլտվության: Խնդրի շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանն ավելի քան զարմանալի էր. ասացին` «այո, պետք է ձեր հարեւանների հետ համաձայնեցնեիք հարցը»: Այսինքն, զոհը ոճրագործի հետ պետք է համաձայնության գար: Ցուցադրության բացմանը ներկա է եղել նաեւ մշակույթի նախարարը եւ համաձայնություն տվել խաչքարերից հայկական գրությունները հանելուն: Այժմ նոր նամակ ենք հղելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ` Եվրոպայի հայտնի հայերի ստորագրություններով եւ պահանջելու ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստի այն հանգամանքը, որ ոչնչացված խաչքարերի տեղում հիմա հրաձգարան է»:
Պարոն Գրիգորյանը նշեց, որ «Բրիթիշ մուզեումում» հայկական ցուցանմուշները թուրքական անվան տակ են տեղադրված. «Հին Անատոլիա» ցուցասրահն անվանակոչվել է «Հնագույն Թուրքիա», որտեղ ցուցադրվում են Ուրարտուի տարբեր ցուցանմուշներ: Դիմեցինք թանգարանի տնօրենին, ով պատասխան նամակում ասաց, թե «հնագույն» եւ «Թուրքիա» բառերն անիմաստ են, բայց իրենք հենց դրա համար են այդպես գրել, որ այցելուները տեսնեն եւ նրանցից ոչ մեկ չմտածի, թե Թուրքիան կարող է «հնագույն» լինել: Նաեւ անհեթեթ բան ասացին, թե պատրաստ են անվանումը փոխել այն ժամանակ, երբ կփոխվեն երկրների սահմանները: Նաեւ նշեցին, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել, երբ ժամանենք Լոնդոն»:
Կարդացեք նաև
Աշոտ Գրիգորյանը հայտնեց, որ ֆորումն աշխատանք է կատարում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հաագայի եւ Ստրասբուրգի դատարաններ քարշ տալու ուղղությամբ. «Գործն ուսումնասիրած մեր իրավաբաններն ունեն իրավական հաստատում, որ Սաֆարովի գործունեությունը նախապես կազմակերպված է եղել եւ այդպես էլ իրականացվել է` այն տարբերությամբ, որ պետք է ազատ արձակվեր ոչ թե նախորդ տարի, այլ 2005թ-ին` դատարանի դահլիճից: Փաստեր կան, որ Սաֆարովը մինչ սպանությունը կատարելը պատրաստվել է Կիպրոսի ռազմական բազայում` որպես ահաբեկիչ: Հաագայի դատարանում հայկական պետությունը պետք է հանդես գա: Քանի որ ԱԳՆ-ն չի համագործակցում մեզ հետ, տեսնենք, թե առաջիկայում կառավարությունն ինչ կազմով հանդես կգա: Ինչ վերաբերում է Ստրասբուրգի դատրանին, խնդիր կա Գուրգեն Մարգարյանի ծնողների հուսահատության հետ կապված, մինչդեռ նրանք մեծ գումարներ կարող են ստանալ»:
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ