«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվեց վարչական պատասխանատվության
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողնելու համար «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ ՀՀ վարչական դատարանի 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացված վճռի համաձայն։
2011թ.-ի նոյեմբերի 18-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ տնօրեն Տիգրան Վարդանյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյոք ընկերության կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց: Ինչպես նաեւ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել ցանկ, թե ընկերության կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը՝ ոչ, եւ/կամ որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է: Կազմակերպությունը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան:
06.12.2011թ.-ի ԻԱԿ-ի կրկնակի հարցմանն ի պատասխան՝ 2011թ.-ի դեկտեմբերի 16-ին ՍՊԸ-ն հայտնել էր, որ ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը մակնշված է կազմակերպության արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա, ինչպես նաեւ հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար հղում էր արել կազմակերպության կայքին: Սակայն ԻԱԿ-ի խնդրած տեղեկություններն առկա չէին ոչ կազմակերպության արտադրանքի տուփերի վրա, ոչ էլ կայքում:
ԻԱԿ-ը դիմեց դատարան՝ խնդրելով պարտավորեցնել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաեւ տեղեկությունները չտրամադրելու համար ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության: 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի հայցը՝ «Դուստր Մարիաննա» ընկերության տնօրենին տեղեկություն չտրամադրելու համար ենթարկելով վարչական պատասխանատվության՝ տուգանելով 80.000 ՀՀ դրամի չափով (30.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի առաջին հարցմամբ եւ 50.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի կրկնակի հարցմամբ խնդրվող տեղեկությունները չտրամադրելու համար), ինչպես նաեւ «Դուստր Մարիաննա» ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանին պարտավորեցնելով փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած՝ 100.000 ՀՀ դրամ դատական ծախսերը եւ 3.000 ՀՀ դրամ վճարած պետական տուրքի գումարը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Առավոտ» օրաթերթ