Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ շրջանը» 1998-ին Ռոբերտ Քոչարյանին սատարելն էր

Փետրվար 26,2013 14:17

ՀՀՇ նախկին անդամ Արմեն Կիրակոսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որակումների մասին

Շաբաթ օրը կայացավ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերջին համագումարը: ՀՀՇ-ն որոշեց վերանվանվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: Այդ համագումարում բավականին ուշագրավ ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության առաջին մանդատը կրող, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Վանո Սիրադեղյանի՝ երկիրը լքելուց հետո այս կուսակցությունը դարձել էր լավագույն դեպքում մի գեղական կլուբ, աղանդ: Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին: Եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է: Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր կամ դրա շուրջ»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ճի՞շտ էր ՀՀՇ-ի կայացրած որոշումը, ՀՀՇ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանն ասաց. «Ես հարցի բարոյական կողմին կանդրադառնամ, որովհետեւ ճիշտ էր, թե սխալ էր՝ ՀՀՇ անդամները, ՀՀՇ կուսակցությունը թող որոշեն իրենց խնդիրը»: Իսկ հարցի բարոյական կողմին, այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին անդրադառնալով՝ մեր զրուցակիցն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է 200-2007 թվականների մասին՝ այդ շրջանը ՀՀՇ-ի համար բնութագրելով որպես խայտառակ շրջան: ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ գնահատականի հետ, որովհետեւ խայտառակ շրջան էր, ըստ իս, 1998 թվականի շրջանը, երբ ՀՀՇ-ն պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին, որն իրավունք չուներ առաջադրվելու: Քոչարյանն, ըստ ՀՀ Սահմանադրության, իրավունք չուներ նախագահի թեկնածու առաջադրվելու, իսկ ՀՀՇ-ն լծվեց, աջակցեց այդ գործին: Խախտվեց Սահմանադրությունը, ընտրվեց մեր ազգի համար մի պատուհաս, որը կոչվում է Ռոբերտ Քոչարյան»: Ինչ վերաբերում է 200-2007-ի շրջանին, մեր զրուցակցի կարծիքով. «Այն տղաները, ովքեր ՀՀՇ-ում մնացել էին, երկկողմանի հարվածի տակ էին: Մի կողմից՝ իշխանություններն էին քարկոծում ու ամեն ինչ անում, որպեսզի կազմալուծեին այդ կառույցը, մյուս կողմից, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում, «ՀՀՇ-ից ժողովուրդն էր զզվում»: Բայց այդ տղաները կարողացան արժանապատիվ ձեւով այդ ուղին անցնել: Ավելին, այդ կառույցը պահպանել եւ 2007 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը վերադարձավ, կարողացան այդ կառույցը դնել ի սպաս Տեր-Պետրոսյանի, կարողացան պայքարել, դարձան ՀԱԿ-ի հիմքը»:

Ընդհանրապես, Արմեն Կիրակոսյանը համարում է, որ Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն եւ ՀԱԿ-ի գործունեությունը մեծ դերակատարում ունեցան մեր քաղաքական եւ հասարակական կյանքում՝ այն առոմով, որ վերացրին հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը, նոր խոսք, նոր քաղաքագիտական նյութ բերեցին, եւ երիտասարդությունը, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդհանրապես քաղաքական միտք չէր տեսել, սկսեց կրթվել: «Սա շատ մեծ ներդրում էր, ու այսօր Ազատության հրապարակում եւ հարթակում կանգնած հասարակությունը նաեւ այդ պայքարի արդյունքն է: Բայց ինչ որ պահից սկսած՝ ՀԱԿ-ը որոշ սխալներ թույլ տվեց: Ես դա ժամանակին էլ եմ ասել: Ու սխալներից մեկն էլ այն էր, որ չվերցրին Երեւանի ավագանու մանդատները: 30 տոկոսը Երեւանի ավագանիում բավական լավ հարթակ կլիներ հետագա գործողությունների համար, որովհետեւ ակնհայտ էր, որ հասարակական շարժումներ են ձեւավորվում, եւ քաղաքի ավագանու անդամների զուգահեռ մասնակցությունը առավել կշիռ կտար»,- ասում է նա: ՀԱԿ-ի հաջորդ սխալը, մեր զրուցակցի համոզմամբ, իշխանության հետ երկխոսության խնդիրն էր, որտեղ չդրվեց մեկ հստակ խնդիր՝ իշխանությունների հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացումը. «Դա էլ ծամծմվեց, լղոզվեց ու այդպիսի անհաջող ավարտ ունեցավ: Ու բոլոր այն քայլերը, որոնք հետո եղան՝ մեկշաբաթյա, շուրջօրյա հանրահավաքներ եւ այլն, լուծումներ էին, որոնք պարտադրված էին: ՀԱԿ-ը մի վիճակի մեջ էր, երբ պարտադրված լուծումների դաշտում էր գտնվում, եւ այդ լուծումները ստիպում էին քայլեր կատարել, որոնք ադեկվատ չէին ստեղծված իրավիճակին: Շատ բնական էր, որ այդ ճանապարհը բերեց նրան, որ Տեր-Պետրոսյանը պարզապես չառաջադրվեց. ակնհայտ էր, որ կուտակված ռեսուրսն արդեն ընտրության շեմին կորսված էր»:

Անցած նախագահական ընտրություններում Արմեն Կիրակոսյանը սատարել է Հրանտ Բագրատյանի թեկնածությունը՝ համոզված լինելով, որ հետընտրական զարգացումներում անպայմանորեն զգացվելու է այնպիսի ՀԱԿ-ականների կարիք, ովքեր պայքարել են եւ կարող են ասելիք ունենալ, մանավանդ, որ Տեր-Պետրոսյանը չէր առաջադրվել: Ի դեպ, այսօր արդեն մեր զրուցակիցը համարում է, որ Տեր-Պետրոսյանի չառաջադրումը գուցե դրական եւ տրամաբանական էր. «Եվ ՀԱԿ-ի, եւ ՀՅԴ-ի, եւ ԲՀԿ-ի չմասնակցությունը գուցե նաեւ որոշակի հնարավորություն ստեղծեց, որպեսզի մենք այսօր ունենանք, իմ կարծիքով, բավականին դրական վիճակ»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ներքաղաքական վիճակի մասին Արմեն Կիրակոսյանի դիտարկումները

կարդացեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728