Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը սիրված եւ հարգված լինելու շանս ունի

Փետրվար 26,2013 14:12

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Րաֆֆին արեց ավելին, քան մի քանի տասնյակ մարդկանցով «Բաղրամյան 26» գնալը, կռվելն ու ջարդելն էր:

«Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը տարբերվում է քաղաքական գործիչների, հասարակության կողմից ընկալված հայկական քաղաքական գործչի կերպարից, եւ դա այս անգամ ինձ թվում է՝ շատ դրական դեր խաղաց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ շարունակելով. «Շատերն էին ասում, որ մեր հասարակությունն արդեն ոչ ոքի չի հավատում, հիասթափված է քաղաքական գործիչներից: Եվ գալիս է մեկը՝ այլ ձեւով խոսելով, բարի խոսքեր արտասանելով, իր նախընտրական շրջանում որեւէ մեկին չվիրավորելով, «չհեռացնելով», ոչ մի ավազակապետություն եւ այլն: Ինքը նշում էր Հայաստանի խնդիրները՝ սկսած մարդու իրավունքներից, կոռուպցիայից, բայց դա չէր կապում ինչ-որ մի մարդու հետ, ոչ ոքի չէր վիրավորում եւ իր պայքարը չէր ուղղում ինչ-որ մեկի դեմ: Ինքը հասկանալով, թե ինչ է նշանակում ազատ երկիր, լինելով արեւմտյան կերպարի մարդ, փորձում էր նույն բանը ցույց տալ հասարակությանը»: Հովհաննես Իգիթյանի պատկերացմամբ՝ դա ստացվեց. «Դա էր Րաֆֆու ֆենոմենը: Այս իրավիճակում, եթե ցանկացած մեկը դուրս գար եւ հին լոզունգներով՝ «Սերժիկ, հեռացիր», «ավազակապետություն» եւ այլն, փորձեր ժողովրդին ոտքի կանգնեցնել՝ չէր ստացվի: Րաֆֆին ցույց տվեց այն մթնոլորտը, որը անհրաժեշտ է նոր երկիր կառուցելու համար: Սա երեւի միայն իշխանությունն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն հասկացել, եւ այս ու այնտեղից լսում ենք, թե Րաֆֆին ծախվել է, պաշտոն է ուզում, մեկը, նույնիսկ, լավ իմաստով է ասում, որ Րաֆֆիին պետք է վարչապետի պաշտոն տան»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ պաշտոնի, փողի կամ դիրքի համար չէր դուրս եկել այս պայքարին. «Ինքը փորձում է նոր մթնոլորտում, նոր հասարակություն, համակարգ, պետություն կառուցել»:

«Առավոտի» հարցին՝ վերջնարդյունքում ինչի՞ կհանգեցնեն այս զարգացումները, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ, իր համոզմամբ, արդեն իսկ տեղի է ունեցել այն, ինչը պետք է տեղի ունենար. «Մեծ քաղաքներում, Երեւանի թաղերում մեծամասամբ Րաֆֆին հաղթեց ընտրությունների արդյունքներով: Այսինքն՝ իշխանությունը շատ ձայն հավաքեց այնտեղ, որտեղ որ կարողացավ լիովին իրականացնել այդ խախտումները, ադմինիստրատիվ ռեսուրսը, բանակի քվեարկությունը: Եվ նույնիսկ այն տեղերում, որտեղ Սերժ Սարգսյանին ցույց են տվել շատ ձայներ, կարծես առանձնապես ուրախություն չի զգացվում ընտրությունների արդյունքներից: Համայնքը չի տոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը: Դա ցույց է տալիս, որ այդ տեղերում ժողովուրդը կամ ստիպված է քվեարկել, կամ իր ձայնը կեղծել են: Եվ այս իրավիճակում ոչ թե Րաֆֆին խնդիրներ ունի կամ քայլեր ունի անելու, այլ Սերժ Սարգսյանը: Նույնիսկ ոչ թե ՀՀԿ-ն: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ում այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե ինչ կատարվեց, քանի որ այն գործընթացը, որ հիմա գնում է՝ ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյաներ կանչում են քաղաքապետերին, մարզպետերին եւ նրանց նկատողություններ են տալիս, ստիպում են, որ ազատման դիմումներ գրեն. ստացվում է, որ ընտրությունները տապալել են այդ մարդիկ: Ի՞նչ է նշանակում՝ ընտրությունները տապալեցին՝ չկարողացան կեղծել: Այսինքն՝ ՀՀԿ-ն գտնում է, որ մարզպետի, քաղաքապետի պարտականությունների մեջ մտնում է ընտրությունների լավ ցուցանիշ ապահովելը, շատ մարդ բերելը եւ տարբեր տեղամասերում Սերժի հաղթանակն ապահովելը: Դա աբսուրդ է, ինչը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ական պաշտոնյաները չեն հասկանում իրենց դերն ու պարտականությունները, եւ եթե այդ մարդիկ մնան իրենց պաշտոններում, Հայաստանում երբեք չի վերանալու կեղծված ընտրությունների ավանդույթը»: Մեր զրուցակիցը զավեշտ է համարում նաեւ այս օրերին մամուլում եղած այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ականները գումար են տվել տարբեր քաղաքապետերի, որոնք նրանք չեն բաժանել ժողովրդին, ու այդ պատճառով հիմա խնդիրներ են առաջացել տվյալ պաշտոնյաների հետ: Իգիթյանի համոզմամբ՝ սա դատախազության «նյութ» է, եւ դատախազությունը պետք է զբաղվի «բոլոր շահագրգիռ» կողմերով: Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ միակ մարդը, ով կարող է հասկանալ կամ գոնե կփորձի հասկանալ կատարվածը, դա Սերժ Սարգսյանն է: Իսկ թե ի՞նչ քայլեր պետք է անի Սերժ Սարգսյանը՝ ըստ Հովհաննես Իգիթյանի. «Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքիր քայլ արեց նախընտրական շրջանում. ինքն այնպիսի կոմպլիմենտներ արեց Սերժ Սարգսյանին, այնպիսի լավ ձեւերով բնութագրեց նրան, որ մինչեւ այսօր որեւէ ՀՀԿ-ական չարեց: Որովհետեւ իրենք չեն ճանաչում Սերժին: Իսկ Րաֆֆին այն մարդն է, որ Հայաստանում լինելով արդեն 25 տարի՝ այն ժամանակ, երբ բոլորը գիտեին, թե Սերժ Սարգսյանն ով է, ինչ է անում, ինչպես է ապահովում Ղարաբաղի պաշտպանությունն ու անվտանգությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ ձեւով բնութագրեց Սերժ Սարգսյանի անձը՝ անկախ այն ամենից, թե ինչ է եղել հետո կամ ինչը, որ վերագրում են Սերժին: Կարծում եմ՝ ցանկացած նախագահի, այդ թվում եւ Սերժին, շատ ուրախալի կլիներ, հպարտանալու կլիներ, եթե ինքը կարողանար քայլել փողոցով եւ տեսնել ժողովրդի սերն իր հանդեպ: Այն ոգեւորությունը, որը տեսնում էինք տարբեր քաղաքներում Րաֆֆիին ընդունելու հետ կապված, Սերժը կերազեր, որ ժողովուրդն իրեն այդպես ընդուներ: Դա այն է, ինչը ինքը տեսել է 20-25 տարի առաջ՝ Ղարաբաղի փողոցներով քայլելիս: Եթե Սերժը վերհիշի այդ ամենը եւ հասկանա, որ այսպես հնարավոր չէ շարունակել ղեկավարել երկիրը, պետք է ընդառաջի Րաֆֆիի թիմի՝ վերահաշվարկ կատարելու առաջարկին, ինչից պարզ կլինի, որ առնվազն երկրորդ փուլ պետք է լինի: Պիտի գնան երկրորդ փուլ եւ դա իրականացնեն քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրություններով: Այդտեղ շանս կա, որ Հայաստանը կստանա լեգիտիմ նախագահ՝ անկախ նրանից, թե ով կընտրվի: Սերժն այդ շանսն ունի. նույնիսկ չընտրվելու դեպքում ինքը կլինի հարգված եւ սիրված մարդ հասարակության կողմից: Այլապես Հայաստանը կշարունակի իր հետընթացը»:

Ինչ մնում է Րաֆֆի Հովհաննիսյանի անելիքներին, մեր զրուցակիցը փաստում է, որ նա արդեն արել է այն, ինչը որ պետք է աներ. «Նա ասում է՝ ժողովուրդ, դու հաղթել ես: Դու հավատացել ես ինձ, որ հնարավոր է փոխել, հնարավոր է հաղթել, եւ դա տեղի ունեցավ: Րաֆֆին նույնիսկ կոչեր չի անում ՝ գնանք, ծեծենք, ջարդենք: Ժողովուրդն ինքն է գալիս իր մոտ՝ ցույց տալով իր աջակցությունը»: Այս ամենում նա մի յուրահատկություն է նկատել. «Այն մարդիկ, ովքեր ձայն են տվել Րաֆֆիին, այլ մարդիկ են: Ազատության հրապարակում հավաքված մարդիկ այլ մարդիկ են: Այդ մարդկանց համար տանից դուրս գալը, տեղամաս գնալը եւ Րաֆֆիին ձայն տալն արդեն մեծ քաղաքական քայլ էր: Այս մարդկանց պայքարը քվեարկության օրը կամք արտահայտելն էր, ու տեղի ունեցավ այն, որ Հայաստանի տարբեր շրջաններում համատարած, մեծամասամբ ժողովուրդն ասաց, որ այս կերպ հնարավոր չէ ապրել: Ու ինչ էլ հիմա Րաֆֆիին անեն, նույնիսկ, եթե նա Հայաստանից գնա, այս մարդիկ մնալու են, եւ իշխանությունը պետք է մտածի՝ այս իրավիճակում հնարավո՞ր է իշխել, ղեկավարել մարդկանց, ովքեր համոզված են, որ դու կեղծիքով ես այնտեղ նստած: Սա ավելի մեծ հարված է իշխանություններին, քան եթե դու հավաքես մի քանի տասնյակ մարդ, գնաս «Բաղրամյան 26» կռիվ անես, փորձես ջարդել եւ այլն: Սա լրիվ այլ երեւույթ է՝ քաղաքակիրթ ըմբոստություն»: Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ այսպիսով քաղաքացիական հասարակության ձեւավորման մի մեծ փուլն արդեն կատարվել է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. RM says:

    Շնորհակալություն Հովհաննես Իգիթյանին: Հերթական անգամ ապացուցում ես, որ ունես բաց միտք (Open Minding) ու անաչառ մոտեցումներ:

  2. Каревор чи анунс мардс мард лини says:

    все правду говорите, развал такого режима уже близко,через лет 2 3 Серж сам уйдет в оставку

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728