ՀՀ ԱԺ փոխնախագահը` Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպման մանրամասների մասին
«Իմ մոտ կարծիք կա, որ պարոն Հովհաննիսյանն առհասարակ անձամբ իմ հայտարարության տեքստը չի կարդացել, քանի որ իմ հայտարարության տեքստը շատ պարզ, մատչելի հայերենով գրված է: Եթե նա անձամբ կարդար այդ մատչելի, պարզ հայերենով գրված տեքստը, չեմ կարծում, որ իր մոտ նման տպավորություն կստեղծվեր: Ուստի կարծում եմ և հուսով եմ, որ իր գործընկերները, կուսակից ընկերները, այնուամենայնիվ, այսօր կամ երեկ երեկոյան նրան արդեն տրամադրած կլինեն իմ հայատարարության տեքստը, և այն կարդալուց հետո ինքն արդեն կհասկանա, որ իր հայտարարությունների, մեղադրանքների մեջ ու իմ հայտարարության մեջ որևէ զուգահեռ չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր. «Նախ, ձայնագրության մասին: Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման համար: Ես պահանջում եմ հիմա՝ թող ամբողջությունը հրապարակեն՝ նժդեհական են, նախագահականից են, իրենք հիմա թող հրապարակեն»:
Aravot.am-ի հարցին` նկատի ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի բարեկրթությունը եւ պատրաստակամությունը ՝իր սխալ լինելու դեպքում ներողություն խնդրել, իր կարծիքով կխնդրի՞ Հովհաննիսյանը ներողություն, Շարմազանովն ասաց. «Ես այն քաղաքական գործիչների թվին չեմ պատկանում, ովքեր ինքնահաստատվում են իրենց գործընկերների ներողություն խնդրելուց: Յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել, ես ասացի, որ կարծում եմ՝ նույն պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը: Ներողություն կխնդրի, թե չի խնդրի, դա իր գործն է»,- ասաց Շարմազանովը:
Կարդացեք նաև
Ի դեպ, հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովն, ըստ լրատվամիջոցների, ասել էր հետեւյալը. «Անկեղծ ասած, իսկապես ուզում էի տեղեկանալ Հանրապետության նախագահի և պարոն Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ պարոն Հովհաննիսյանի խոստացած պատմությանը: Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետև պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: Թափանցիկության ու հրապարակայնության կատարելության նմուշ մի պատմություն: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը, որքան էլ որ հավատում էինք, թե դա հավուր պատշաճի կանի պարոն Հովհաննիսյանը»:
Լրագրողների խնդրանքին` հանդիպման մանրամասները հրապարակել, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Պարոն Հովհաննիսյանն ամեն անգամ նոր մանրամասներ է ներկայացնում հանդիպումից: Ինձ թվում է՝ վաղն ավելի շատ մանրամասներ կներկայացնի: Ինքն աստիճանաբար գալիս ա մեր տարբերակին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ