Խոջալուի օպերացիայի մասին պատմում են մասնակից Մկրտիչ Տոնոյանը և օպերացիայի հետախուզական աշխատանքների համար պատասխանատու Վովա Վարդանովը:
«Օպերացիան իրագործելու նախնական ծրագիրն իրականացվեց Գերագույն խորհրդի շենքում: Ծրագրի մշակողներն էին Վազգեն Սարգսյանը, Սմբատ Հակոբյանը, Աստվածատուր Պետրոսյանը և ես»,- այսօր այս մասին «Արմատ» մամուլի ակումբում ասաց Վովա Վարդանովը: Նա հայտարարեց, որ Խոջալուի դեպքերի հետ կապված ոչինչ չի կարդում, բացառությամբ էմոցիոնալ գրառումներից: «Պատճառը այն է, որ ես հույս ունեմ, որ օրերից մի օր կկայանա դատարան, որը կտա արդարացի լուծումը: Մենք գազաններ չենք եղել և մենք մեր շարքերից նման մարդկանց վանել ենք»:
Վ. Վարդանովն ասաց, որ ինքը նշանակված է եղել գործողություններ իրականացնելու Շելիի դիրքերում և ընդամենը երկու հետախույզ է իր հետ վերցրել: «Նրանցից մեկը կենդանի է, բայց իր մասին բարձրաձայնել չի ուզում»,-ասաց նա:
«Դիրքերում աշխուժություն եղավ գիշերը երեքն անց կեսից սկսած: Օպերացիան արդեն չորս ժամ էր՝ սկսվել էր, երբ սկսվեց փոխհրաձգություն, որը տևեց տասնհինգ րոպե, այնուհետև լռություն, որից հետո կրկին ուժգին մի քանի պայթուն: Թուրքը շատ անտարբեր էր իր ժողովրդի նկատմամբ»,-պատմում է Վովան:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, ադրբեջանցիները շատ լավ գիտակցում են իրենց մեղավորությունն ու կատարած դաժանությունը, ուստի քաջ գիտակցում են, որ դատական գործընթացի ընթացքում իրենք կպարտվեն: «Այսօր իրողությունը շրջելով մեր դեմ, միջազգային ատյաններում փորձում են օգտագործել որպես զենք»:
Խոջալուի օպերացիայի մասնակից Մկրտիչ Տոնոյանը հավաստիացնում է, որ Խոջալուն գրավելու գործընթացը դժվար է եղել.«Շատ դժվար էր գրավելը, քանի որ գրավելուց հետո զորքերը, երբ գնում էին իրենց զորամասերը, մի մասը թաքնված են եղել և թիկունքից սկսել են հարվածել մեզ, և մեր զինվորների մեծ կորուստ ունեցանք այդ ժամանակ: Երբեք այնպես չի եղել, որ մենք մտնենք և կրակենք խաղաղ բնակչության վրա. մենք նման հրահանգ չենք էլ ստացել: Անգամ գիտեինք, որ ճանապարհ ենք բաց թողել, որպես միջանցք, խաղաղ բնակչության հեռանալու համար: Նույն մարտավարությունն օգտագործվել է նաև Շուշիի ազատագրման ժամանակ»,-ասաց Տոնոյանը:
Վ. Վարդանովն էլ հավելեց, որ հայկական կողմից ճանապարհ էր բաց թողնվել խաղաղ բնակչության համար, սակայն հետո իրենք իմացան, որ այդ միջանցքով զենք էր տեղափոխվում Խոջալու. «Նույնիսկ այդ ժամանակ մենք չհարվածեցինք զենք տեղափոխող մեքենաներին, որպեսզի այդ միջանցքով հեռացող խաղաղ բնակչությանը չվախեցնեինք»,-ասաց նա:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ