Չգիտես ինչու՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մարդիկ միանգամից մոռացան, թե երկու ամիս շարունակ ինչի մասին էին խոսում բոլոր քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ինչ էին ասում բոլոր լրատվամիջոցները, որն էր քաղաքական դաշտում քննարկվող թեման եւ այլն։ Կարող ենք հիշեցնել, ընտրություններին նախորդած երկու ամիսների ընթացքում քննարկվող հիմնական թեման հետեւյալն էր՝ Սերժ Սարգսյանի համար ամոթ կլինի 80 տոկոսով ընտրվելը (նա հո Թուրքմենբաշին չի), պետք է ձեւեր գտնել, որ 60 տոկոսից ավելի չստանա, բայց միաժամանակ պետք է այնպես անել, որ հանկարծ հետընտրական բախումներ չլինեն, ամեն ինչ ընթանա խաղաղ, օրենքի շրջանակներում, պարզ ասած՝ մարդիկ մի քիչ բողոքեն ու ցրվեն տներով։ Չեք հավատում՝ վերընթերցեք այդ օրերի մամուլը, մտեք ինտերնետային լրատվական կայքերի արխիվները, եւ կհամոզվեք՝ բոլորը միայն այդ մասին էին խոսում։ Իսկ ահա ընտրություններից հետո, համընդհանուր թոհուբոհում ոչ մեկը չցանկացավ նկատել, որ ոսկերչական ճշգրտությամբ հենց դա էլ տեղի է ունեցել՝ «ընտրությունները» մրցակցային են եղել, Սերժ Սարգսյանը 60 տոկոսից ավելի չի ստացել, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընդդիմադիր դիրքերից խորին հարգանքով է խոսում Սերժ Սարգսյանի մասին եւ խոստանում գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Մի խոսքով՝ զարմանալիորեն կատարվել է հենց այն, ինչի մասին Սերժ
Սարգսյանն ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ երազում էր։ Մենք, ի դեպ, որեւէ հիմք չունենք պնդելու, որ սա նախընտրական պայմանավորվածության արդյունք էր. պարզապես փաստն ենք արձանագրում:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ