Հետընտարական իրավիճակը երեկ լավագույնս արտացոլվեց ԱԺ քառօրյայի սկզբում, երբ ընդդիմադիրները պնդում էին, թե երկրում «լուրջ գործընթացներ» են տեղի ունենում, իսկ իշխանությունն էլ, թե՝ ի՞նչ եք խառնվել իրար, ընտրվել է Սերժ Սարգսյանը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ երկրում միայն «սովորական» գործընթացներ է տեսնում։
– Հետընտրական գործընթացներ են,- շարունակեց Հարությունյանը։- Պարտվողը փորձում է արդարացնել իր պարտությունը։
– Բայց իրենք համոզված են, որ հաղթել են։
– Հայտնի խոսք կա՝ դու էլ ասա։ Այսօր շատ անպատասխանատու գործընթացներ են տեղի ունենում։ Բոլորը վստահ էին, որ նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը։ Սակայն շատերը զարմացել են, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց դառնալ ընդդիմության լիդեր։ Հիմա Րաֆֆին երկու խնդիր ունի՝ դրական եւ բացասական։ Դրականն այն է, որ պիտի ամրապնդի ընդդիմության լիդերի իր դիրքերը։ Բացասականը՝ ինքը, առանց հետևանքների մասին մտածելու, կարող է քաղաքական ճգնաժամ ստեղծել, ինչն ավելի վատթար է, քան տնտեսականը։
Կարդացեք նաև
– Այժմ նա ի՞նչ է անում։
– Նախ տեսեք, թե ինչ քաղաքական գործիչներ են կանգնած Րաֆֆիի կողքին. մարդիկ, ովքեր ատելով ատում էին նրան, հիմա իր կողքին են, որովհետև քաղաքական ճգնաժամ ստեղծելու խնդիր ունեն։ Մեր բոլոր թշնամի երկրներն ուզում են երկու տիպի ճգնաժամ լինի Հայաստանում՝ քաղաքական և տնտեսական։ Ինչքանով դա կհաջողվի նրանց, պայմանավորված է մեր ժողովրդի զգոնությամբ։ Սովորաբար քաղաքական ճգնաժամերը պատվիրված են դրսից:
– Ո՞ւմ մատն է խառը հայաստանյան այս իրավիճակի մեջ։
– Դժվարանում եմ ասել։ Բայց հստակ է, որ այս ամենն ուղղորդվում է դրսից։
– Լավ, այս ամենն ի՞նչ վերջ է ունենալու։
– Վերջում մենք կհաղթահարենք։
– Դուք՝ ովքե՞ր։
– ՀՀԿ-ն՝ ժողովրդի ու իր լիդերի հետ։
– Եվ «բարևային» այս հեղափոխությունն էլ կմարի։
– Այս քաղաքական ճգնաժամն առաջին հերթին այն կես միլիոն քաղաքացիներին է վնասում, ովքեր իրենց ձայնը Րաֆֆիի են տվել։
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
«Իրատես de facto»