Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյանը կոռե՞կտ է գտնվել, թե՝ ոչ

Փետրվար 26,2013 12:04

Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը այսպիսի կարծիք հայտնեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեցին այն մարդիկ, որոնք ուզում էին, որ Հայաստանում գեյ կլուբներ բացվեն»:

Aravot.am-ը պարոն Բաբուխանյանի՝ ՀՀԿ-ական գործընկերներից հետաքրքրվեց՝ որքանո՞վ էր կոռեկտ ու հիմնավորված նրա հայտարարությունը, և արդյոք այն չէ՞ր վիրավորում այն անձանց, ովքեր ձայն էին տվել Ր. Հովհաննիսյանին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ թեմայով ինքը զրուցել է Հ. Բաբուխանյանի հետ ու հավելեց. «Նրա խոսքը կոնտեքստից կտրել, հետո են ներկայացրել: Անկախ ամեն ինչից, ես հարգում եմ նրա կարծիք հայտնելու իրավունքը: Ես ավելի շատ հակված եմ հավատալու այն բանին, ինչ ինքն է ինձ ասել: Ցանկացածն էլ կարող է իր տեսակետը ներկայացնել: Դա հենց խոսքի ազատություն ասածն է, այլ բան է, որ դա ընդունում ես, թե՝ ոչ, այն կոռեկտ է, թե՝ ոչ: Այն տեսքով, ինչ ներկայացրել են ԶԼՄ-ները Հայկի ասածը, դա անընդունելի է: Հաճախ այդպիսի բան ինձ հետ էլ է կատարվում: Մեր հասարակությունում  նման քաղաքացիներ գոյություն չունե՞ն, ունեն: Դա նշանակում է՝ ով այդ բառերն ասի, ուրեմն նրան պիտի պախարակե՞նք: Իսկ այդ կապը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այնքան էլ այդպես չէ,  որ ներկայացված է լրատվամիջոցներում: Հայկն ինձ այդպես է ասել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հեռուստատեսությամբ է մի հատված լսել Հ. Բաբուխանյանի ասուլիսից, ամբողջ խոսքը չի լսել, իսկ իր լսած հատվածում նման արտահայտություն չի հնչել: Այնուհետև ընդհանրապես պատգամավորի պահվածքի և մարդու իրավունքների ոտնահարման հարցերի կապակցությամբ ասաց. «Ես գտնում եմ, որ հասարակությանը, ժողովրդին և որևէ մեկին չի կարելի վիրավորել: Բոլորը իրավունք ունեն կիրառել իրենց ընտրական իրավունքը: Բայց մարդուն վիրավորել այլակարծության մեջ ոչ ոք իրավունք չունի: Երևի թե պետք է շատ զգույշ լինել: Մենք՝ պատգամավորներս, նրա համար չենք, որ աջուձախ վիրավորենք: Լավ կլինի, որ մարդիկ զերծ մնան անձնական վիրավորանքներից: Այնքան բան կա, որ ինձ դուր չի գալիս, քանի որ ինձ համար պատգամավորի կերպարի հետ կապված չափանիշները շատ բարձր են: Մտածում եմ, որ մեզ հետևում է հասարակությունը, մենք ժողովրդի ձայնն  ենք բարձրացնում, ամբիոնը այն տեղն է, որտեղ խոսքի արժեքը պիտի կարևորել, ամեն ինչ չէ, որ այդ ամբիոնից պետք է ասել: Պատգամավորը պետք է հաշվետու լինի իր խոսքի և արածների համար»:

Ամփոփելով զրույցը՝ տիկին Աճեմյանը նշեց. «Օրինակ՝ ինձ դուր չեկավ երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքը: Ինչպե՞ս կարելի է ամբիոնից երկրի նախագահին անձնական վիրավորանք հասցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728