Հատվածներ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից
– Ո՞րն էր գլխավոր դրդապատճառը, որը ստիպեց Ձեզ միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պայքարին։ Ընդդիմության մեջ տեսաք այն ուժային կենտրո՞նը, որի ձևավորման անհրաժեշտության մասին խոսում էիք մինչ ընտրությունները։
– Ասեմ, որ մենք մեր կանխատեսումներում, բարեբախտաբար, սխալվեցինք։ Մինչև ընտրությունները՝ փետրվարի 16-ին, կայացավ մեր համագումարը, որտեղ հստակ արձանագրեցինք, որ 2013թ. նախագահական ընտրությունները Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անցնում են ոչ ընդդիմադիր ուժային կենտրոնի ձևավորմամբ։ Բայց, փաստորեն, մենք, կրկնում եմ, բարեբախտաբար, սխալվեցինք։ Պատճառները մի քանիսն են. նախ՝ մեր սխալվելու պատճառն այն էր, որ Հայ ազգային կոնգրեսը, գրավելով ընդդիմադիր դաշտը, ցավոք սրտի, ամեն ինչ արեց, որպեսզի ինքը գործոն չմնա՝ չառաջադրվեց, և իր գոյությամբ անընդհատ խանդի տեսարաններով խոչընդոտում էինք (այդ թվում՝ նաև մենք, քանի որ «Ժողովրդավարական Հայրենիքը» նույնպես մտնում էր ՀԱԿ-ի մեջ) նոր ուժային կենտրոնի ձևավորմանը։ Բայց, ինչպես երկու օր առաջ հասկացանք, Լևոն Տեր-Պետրոսյանի մտքում Հայ ազգային կոնգրես դաշինքը մեկ տարի առաջ արդեն լուծարված է եղել։ Եվ այդ մտավախությունը կար, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկն այդ ուժային կենտրոնը չի կարող ձևավորել, և մինչև ընտրություններից մեկ օր առաջ դա չէր երևում։ Քաղաքական ուժերիս համար դա անտեսանելի էր, բայց պարզվում է՝ հասարակությունն իր համար գտավ ուժային կենտրոնը, այս պահի դրությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էր։
– Հետընտրական զարգացումների ծավալումից հետո շատ գործիչներ Ազատության հրապարակում հայտարարեցին, որ, փաստորեն, թերագնահատել են ժողովրդին, երբ կարծել են, որ այս իրավիճակում հասարակությունն ի վիճակի չէ փոփոխություններ կատարել։ Ի վերջո, ո՞րն էր սրա ֆենոմենը, բնակչության զգալի հատվածի սոցիալական վատ վիճա՞կը, անարդարության զգացո՞ւմը, թե՞ պարզապես դժգոհությունն այս իշխանությունների նկատմամբ մի նոր մակարդակի հասավ։
Կարդացեք նաև
– Այն, ինչ ես տեսա Գյումրիում անցած օրերին (ես միշտ մասնակցել եմ Գյումրիում բոլոր միջոցառումներին, քաղաքական գործընթացներին), թե ինչպես էին այդ քանակությամբ մարդիկ այդ եղանակին՝ ձմռանը, ձյան տակ, սպասում Րաֆֆի Հովհաննիսյանին, դա արդեն ինչ-որ առումով չափանիշ է։ Ձեր թվարկած բոլոր գործոնները՝ առաջին հերթին՝ և անարդարության զգացումը, և շարունակվող և խորացող սոցիալական ծանր վիճակն ու ոչ մի լույսի շող չտեսնելը, և՛ ամենակարևորներից մեկը՝ ժողովուրդը հոգնել է 20 տարի շարունակ տեսնել նույն դեմքերը, նույն ցինիզմը, լսել նույն խոսքերը, նույն ճառերը, այս ամբողջը՝ համատեղ ունեցան իրենց դերակատարությունը։ Իմ կարծիքով՝ ժողովուրդն առաջադրված թեկնածուների մեջ՝ որպես այլընտրանք, Րաֆֆիին տեսավ։
– Իսկ համաձա՞յն եք այս գործընթացների վերաբերյալ ՀՀՇ վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականների հետ. նա ասաց, որ առայժմ տեսնում է միայն ժողովրդի գործը։
– Հիմա, երբ առավել ևս այդ օրը Կոնգրեսի վրա դրվեց դամբանաքարը…
– Կոնգրեսի՞, թե՞ ՀՀՇ-ի։
– Կարծում եմ՝ Կոնգրեսի վրա դրվեց, իսկ ՀՀՇ-ի դամբանաքարի վրա գրվեց՝ «ՀԱԿ»։
Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ
«168 ԺԱՄ»