Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրահանցանքների վերաբերյալ Օմբուդսմենի անդրադարձը ոստիկանության արձագանքին

Փետրվար 26,2013 11:26

Երեկ Ոստիկանությունը հրապարակայնորեն արձագանքել է  Օմբուդսմենի  կողմից ներկայացված ընտրախախտումների և ընտրահանցանքների մասին հաղորդմանը և հայտնել, որ Պաշտպանի կողմից ներկայացված 10 ընտրահանցանքներից 8-ը դեռևս քննվում են ոստիկանության կողմից, իսկ երկուսի քննությունն արդեն ավարտված է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Ամենևին չպնդելով, որ մեզ ահազանգած քաղաքացիները բոլոր դեպքերում տիրապետում և ներկայացնում են բացարձակ ճշմարտությունը, այդուհանդերձ, կարևոր է, որ նրանց կողմից տրված տեղեկատվության հերքման դեպքում բոլորիս ներկայացվեն կատարված աշխատանքի մանրամասներ և համոզիչ փաստարկներ: Մասնավորապես, Սիսիան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում ընտրակաշառք բաժանելու այս երկու գործերով անհրաժեշտ է ներկայացնել, թե ումից և ինչ բովանդակությամբ բացատրություն է վերցվել, և եղել են արդյոք իրարամերժ բացատրություններ: Եթե եղել է թեկուզ մեկ իրարամերժ բացատրություն, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, որը հնարավորություն կտա կատարել այլ քննչական և քրեադատավարական գործողություններ (առերեսումներ, ճանաչման ներկայացնել, փորձաքննություններ, այլուրեքությունների պարզում և այլն): Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած ողջամիտ մարդ հավատա, որ ոստիկանությունը հանցագործությունը բացահայտելու համար արել է ամեն հնարավորը:

Հուսով ենք՝ ընտրահանցանքների մասին այս և բոլոր մյուս հաղորդումների պարագայում Ոստիկանությունը հավուր պատշաճի կընդունի և կիրագործի մեր հորդորը, քանի որ հակառակ դեպքում կստվերվի ոչ միայն ոստիկանության կատարած աշխատանքը, այլև ընտրությունների ողջ պատկերը:

Կարեն Անդրեասյանը այս կապակցությամբ հատկապես ընդգծել է. «Մեր հասարակությունը հաճախ առավել կարևորում է քաղաքական գնահատականներն ու գործընթացները և անտեսում իրավականը: Ցանկացած հետընտրական գործընթացում ամենևին չթերագնահատելով քաղաքական բաղադրիչները՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է նվազագույնը դրանց զուգակցել իրավական գործընթացները: Հետևաբար ծայրահեղ անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը սևեռել նաև առանձին ընտրախախտումների և ընտրահանցանքների վրա: Ինդուկցիայի մեթոդով (մասնավորից դեպի ընդհանուրը) կարելի է ձևավորել և հիմնավորել առանձին քաղաքական գնահատականներ: Այս ընտրություններում առանց այն էլ շատ չեն ընտրահանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող ահազանգերը, հետևաբար չի կարելի անտեսել և ոչ մի դեպք: Չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինները թեկուզև թափանցիկ ու հրատապ, բայց այնուամենայնիվ ընդհանուր ու միատեսակ բացատրություններով ավարտեն այդ գործերի քննությունը»։

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728