Հայկ Բաբուխանյանն, օրերս տված ասուլիսում ասել է. «Կան մարդիկ, ովքեր երազում են, որ Հայաստանում լինեն գեյ ակումբներ, կան մարդիկ, ովքեր երազում են՝ Հայաստանում լինի տոտալիտար աղանդների մեծամասնություն, հայ առաքելական եկեղեցին դառնա փոքրամասնություն… Հայաստանում տեղի է ունենում ազգային պահպանողական գաղափարախոսության և ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության բախում»:
Թույլ տվեք մի քանի խոսք ասել Ձեր վերեւի մտքերի առնչությամբ: Մինչ այդ ասեմ, որ ես «գեյ» չեմ եւ կողմնակից չեմ Հայաստանում «գեյ ակումբների» ո՛չ բացմանը, ո՛չ էլ տարածմանը: Բայց նաեւ չեմ պատկանում այն մարդկանց թվին, որոնք կարծում են, որ ամեն ինչ ջարդել-թափելով կարելի է լուծել:
Նույն ձեւով ես որեւէ աղանդի չեմ պատկանում եւ կողմնակից չեմ, որ աղանդներն ու առավել եւս տոտալիտար աղանդները տարածվեն Հայաստանում: Ես քրիստոնյա եմ, ինձ համարում եմ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եւ գտնում եմ, որ մեր եկեղեցին իր քրիստոսաբանությամբ ու աստվածապաշտությամբ ոչնչով պակաս չէ պատմական կամ նորելուկ որեւէ այլ քրիստոնեական ուղղությունից: Այս եկեղեցին իր էությամբ ու բովանդակությամբ քրիստոնեական է, իր ձեւով ու լեզվով, իր երգ ու աղոթքով ազգային է նա եւ հոգեհարազատ հայերիս ինքնությանը: Ավելին ասեմ` հրաշալի կլիներ, որ ամեն հայ քրիստոնյա դեպի Աստված իր ճանապարհը գտներ Հայ Եկեղեցու մեջ եւ երբեք կարիք չունենար այս հոգեւորի ծարավը գոհացնել այլուր: Միեւնույն ժամանակ հավատում եմ, որ որքան էլ աղանդները բազմանան Հայաստանում, Հայ Առաքելական Եկեղեցին երբեք չի դառնա փոքրամասնություն:
Ես ինձ համարում եմ պահպանողական եւ կարծում եմ, որ ոչ մի վատ բան չկա պահպանողական լինելու մեջ: Այս բոլորով հանդերձ ես ընտրել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարծում եմ` ինձ նման նաեւ հազարավորներ: Հետեւաբար ոչ մեկը Ձեզ թույլ չի տվել մերկապարանոց հայտարարություններ անել եւ վիրավորել ավելի քան կես միլիոն մարդու, որոնք, չմոռանանք, պաշտոնական տվյալներով կազմում են ընտրության մասնակցած ՀՀ քաղաքացիների մոտ 37 տոկոսը: Իսկ փաստացի իմաստով` շատ ու շատ ավելի, քանի որ կարիք չկա, որ խաբենք մեկզմեկու. անկարելի է, որ փետրվարի 18-ին մեկուկես միլիոն մարդ մասնակցած լինի քվեարկության:
Կարդացեք նաև
Լինելով ավելի պահպանողական հայացքների կրող, զուտ տեսական իմաստով ես ձայնս պետք է տայի Սերժ Սարգսյանին եւ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին: Ի վերջո Սերժ Սարգսյանը առաջնորդն է մի կուսակցության, որն իրեն համարում է նժդեհական ազգային-պահպանողական գաղափարափոսության կրող: Այս կուսակցության շատ ու շատ երեւելի դեմքեր ու հետեւորդներ մամուլով ու հեռուստատեսությամբ, ֆեյսբուքով ու այլուր ճառախոսում են ազգային արժեքներից ու հայրենասիրությունից եւ իրենց ներկայացնում որպես այս արժեքների ջերմ պաշտպան: Բայց ցավալի իրականություն է ու փաստ, որ այս կուսակցության անդամների ջաղջախիչ մեծամասնությունը բացարձակապես կրողը չէ այդ արժեքների եւ իրենց ապրելակերպով ու ողջ գործունեությամբ արատավորում են այդ արժեքներն ու պատճառ դառնում, որ մենք հեռանանք այդ արժեքներից:
Նույն ձեւով էլ աղանդավորների ամենօրյա ծլարձակմանն ու տարածմանը նպաստում են նաեւ մեր շատ ու շատ կրոնավորների քրիստոնեական արժեհամակարգին ոչ վայել ու պատշաճ կեցվածքն ու ապրելակերպը` սկսած ամենավերեւներից: Ցավալի է սա, բայց իրականություն ու փաստ: Սա չի նշանակում, որ աղանդավոր ղեկավարները «սրբություն սրբոց» են: Ես բացարձակապես հակված չեմ այդպես մտածելու: Ընդհակառակը` ենթադրում եմ, որ նրանց մեծ մասը ինչ-ինչ մութ ուժերի գործիքներն են մեր երկրում, անգամ եթե իրենք դա չեն հասկանում կամ ընդունում: Բայց սրանով հանդերձ երբեք ու երբեք չպետք է մոռանալ մեր կրոնավորների մեղքի բաժինը, որոնք իրենց ազնիվ ծառայությունը դարձրել են ապրուստի միջոց եւ ճոխ ապրելու ճանապարհ: Իսկ այսպիսի կրոնավորների խոսքը չի կարող համոզիչ լինել, ինչպես որ համոզիչ չէ ցանկացած քաղաքական գործչի խոսքը, որ քարոզում է այլ արժեհամակարգ, բայց ինքն անձնապես մղոններով հեռու է իր քարոզած արժեհամակարգից:
Իմ համեստ կարծիքով մեր ժողովրդի մեծամասնությանը ավելի հոգեհարազատ է պահպանողական քան ազատական մտածելակերպը: Եւ եթե մեր իշխանավորների բացարձակ մեծամասնության գործի գոնե չնչին մի տոկոսը համապատասխաներ իրենց խոսքին, ապա ընտրության պատկերը շատ ավելի այլ կլիներ: Հայաստանում ոչ թե «տեղի է ունենում ազգային պահպանողական գաղափարախոսության և ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության բախում», ինչպես Դուք եք ուզում տեսնել, այլ պարզապես հայ ժողովուրդը հոգնել է կեղծիքից ու կեղծված ընտրություններից: Հայ ժողովուրդը դարձյալ փորձում է տեր կանգնել իր քվեին, ուզում է նախագահ տեսնել նրան, ում ինքն է ընտրել: Նա չի ուզում, որ նախագահական աթոռին բազմի եւ երկրի ղեկը կրկին իր ձեռքն առնի մեկը, որին ինքը չի վստահել իր քվեն: Ընտրությունները զեղծելն ու կեղծելը կապ չունեն պահպանողական արժեքների հետ: Դրանք արժեք չեն, այլ հանցագործություն եւ քվեագողություն եւ իբրեւ այդպիսին քրեականորեն պատժելի են:
Ես հարգում եմ ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իսկապես իրենց քվեն տվել են Սերժ Սարգսյանին: Ինձ չի հետաքրքրում նրանց դրդապատճառները, թե ինչու են ձայնը տվել նրան: Անկախ նրանից, թե նրանք հավատում ու վստահում են դեռեւս գործող նախագահին, թե ինչ-ինչ շահադիտական նպատակներից դրդված են դա արել, այնուհանդերձ նրանք ընտրել են նրան:
Ոչ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ մեր ժողովրդին չէր կարող փողոց հանել, եթե ժողովուրդը հավատար ընտրության արդյունքներին: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը կընդուներ քվեարկության արդյունքները, եթե Սերժ Սարգսյանը իրական ու ոչ նկարված թվերով ընտրված լիներ: Այդ ձեւով մենք կունենայինք ընտրված նախագահ՝ անկախ նրանից՝ նա մեր թեկնածուն էր կամ ոչ: Նույն ձեւով էլ անկախ նրանից թե Րաֆֆի Հովհաննիսյանը մեր թեկնածուն էր կամ ոչ, նա ընտրվել է, ընտրության մասնակցած ընտրողների իրական թվի մեծամասնությունն իր ձայնը տվել է նրան: Եվ ամեն ոք՝` պահպանողական թե ազատական, քաղաքագետ թե իրավագետ, մտավորական ու արվեստագետ, թե աշխատավոր ու գյուղացի, պարտավոր են հարգել մեր ժողովրդի մեծամասնության կամքն ու քվեն:
Ռամիս ՕՀԱՆՅԱՆ
Հայաստան – Հոլանդիա