«Առավոտ»-ի հետեւյալ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ մեզ հասած ոչ պաշտոնական տվյալներով` Կապան քաղաքը սնուցող գետերի վրա մեկ սեփականատիրոջ պատկանող երեք կազմակերպություն մտադիր է ՀԷԿ-եր կառուցել:
Տվյալ հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն եւ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով դիմել էինք բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի, ջրային ռեսուրսների կառավարման տեսչության, հարավային ջրավազանի տարածքային կառավարման բաժնի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պատասխանատուներին, քանի որ խնդիրը հանրության շրջանում մտահոգության տեղիք է տվել: Արդյոք թույլատրելի՞ է մի ամբողջ քաղաքի խմելու ջրի աղբյուրների վրա ՀԷԿ-երի կառուցումը, ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում, առանց այն էլ Կապանի խմելու ջրի խողովակաշարի վրա արդեն իսկ 4 ՀԷԿ Է գործում, եւ արդյոք ընդունելի՞է, որ առանց խոցելի համայնքի բնակչությանը` Կապանի ժողովրդին տեղյակ պահելու, առանց հասարակական լսումներ անցկացնելու, միանգամից դիմել բնապահպանական համապատասխան փորձաքննության համար:
Որեւէ տեղեկատվություն, մասնագիտական եզրակցություն կամ պարզաբանում խնդրի վերաբերյալ այդպես էլ չհաջողվեց ստանալ ո’չ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից, ո’չ ջրային ռեսուրսների կառավարման տեսչության, հարավային ջրավազանի տարածքային կառավարման բաժնից:
Կառույցների պատասխանատուները խնդրել էին մի քանի օր հետո այդ հարցով դիմել իրենց, քանի որ այն քննարկման փուլում է, ուսումնասիրվում եւ տվյալ պահին որեւէ տեղեկատվություն տրամադրել չեն կարող: Պայմանավորված օրը կրկին կապվեցինք նույն կառույցների պատասխանատուների հետ, սակայն ոչ մեկից այդպես էլ հարցի վերաբերյալ ինֆորմացիա չհաջողվեց ստանալ:
Կարդացեք նաև
Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից փոխանցեցին, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, եւ այս փուլում ՀԷԿ-երի կառուցման մասին որեւիցե բան ասելու անհրաժեշտություն չկա, իսկ ջրային ռեսուրսների կառավարման տեսչության, հարավային ջրավազանի տարածքային կառավարման բաժնի ղեկավարը տեղեկացրեց, որ տվյալ հարցի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար պետք է դիմենք մայրաքաղաքում գործող իրենց վերադաս կառույցին:
Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ տեղական կառույցներից տեղում աշխատող լրագրողներին չի հաջողվում տեղեկատվություն ստանալ, քանի որ նրանց շատ հաճախ ուղղորդում են դեպի վերադաս կառույցներ: Միակ պատասխանատուն, ում հետ հաջողվեց զրուցել տվյալ թեմայով, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանն էր, ով համոզիչ տեղեկացնում էր, որ ՀԷԿ-երի կառուցումը չի կարող որեւէ բացասական հետեւանքներ թողնել Կապանի խմելու ջրի որակի վրա: «ՀԷԿ-եր կառուցելը վնաս չի, օգուտ է: Այն առումով է օգուտ, որ բարձրացնելու են վերեւ ջրընդունիչ կառուցեն, ջուրը սառելու խնդիր չի ունենա, միանգամից խողովակներով գալու է լցվի մեր ջրընդունիչի մեջ: Հիմա կառուցում են, թող կառուցեն, ի՞նչն է խանգարում, խմելու ջրին չի ազդելու, նորմալ է: Այս պահին մի քանի հատ ՀԷԿ կա, ի՞նչն է խանգարում, միակ պրոբլեմն այն է, որ ոչ նորմալ աշխատանքի պատճառով վթարներ են տեղի ունենում խողովակաշարերի վրա: Կարծում եմ, եթե ճիշտ կառուցեն, ապա ոչ մի ազդեցություն չի կարող թողնել մեզ վրա եւ բացասական հետեւանքներ չեն լինի», – ասաց Հովհաննես Գեւորգյանը:
Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ