Բրիտանացի Յան-Հայդն Սմիթը կխոսի կինոյի նրբություններից:
Հայաստանում արդեն 11-րդ անգամ կանցկացվի Բրիտնական ֆիլմերի փառատոնˋ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Այն այս տարի այն կմեկնարկի մարտի 2-ին: Փառատոնը նվիրված է Ջրային համագործակցության միջազգային տարվան:
Բրիտանական 9 ֆիլմ կցուցադրվի «Մոսկվա» և «Նաիրի կինոթատրոններում, ապա մարզերումˋ Գորիսում, Աշտարակում, Հրազդանում: Ֆիլմերի դիտումներ կլինեն անգամ զորամասերում: Փառատոնի շրջանակներում Բրիտանական խորհրդի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ Հայաստանի կինոլրագրողների ու կինոքննադատների ասոցիացիայի նախաձեռնությամբ դասընթացներ կանցկացնի ճանաչված կինոքննադատ, International Film Guide- ի խմբագիր Յան-Հայդն Սմիթը (լուսանկարում):
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նա 2009-ին եղել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ: Ինչպես Aravot.am–ի հետ զրույցում նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մշակութային ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, բրիտանական ֆիլմերի մասին լավագույն գրախոսականները կարող են մասնակցել մրցույթի: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ չնայած ձեւավորված թիմին, «Ոսկե ծիրանի» թերթը բաց է որակյալ հրապարակումների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ