ՀՀ գլխավոր դատախազություն. 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ստուգումների արդյունքում 2013թ. փետրվարի 25-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ստորեւ հրապարակում ենք տեղեկատվություն՝ հարուցված քրեական գործերի մասին.
1. 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազի` 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Դեպքի վայրից առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև` դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, կույր, փափուկ հյուսվածքների և մկանների վնասումով, վիրավորման, կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, շոշափող վնասվածքի ձևերով պատճառված են գնդակներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով և վնասվածքները միասին վերցված պատճառվել են առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Պարույր Հայրիկյանը 01.02.2013թ. որոշմամբ ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:
Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
Քրեական գործով կատարված դատաձգաբանական, դատաքիմիական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված 1941թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի փողից են կրակված դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված երկու հատ 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ռևոլվերային փամփուշտների կրակված գնդակները:
Նախաքննությունը շարունակվում է:
2. 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14:25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից:
ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:Կատարվում է նախաքննություն։
3. 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 19:00-ին, Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնին այն մասին, որ նույն օրը` ժամը 17:35-ի սահմաններում, Գյումրու Տիգրան Մեծ հասցեում տեղակայված թիվ 34/36 ընտրատեղամաս է մտել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանձնաժողովի անդամների հասցեին կատարել վիրավորական արտահայտություններ և շուրջ 30 րոպե տևողությամբ խոչընդոտել ընտրական հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013թ. փետրվարի 19-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, պահանջվել և ուսումնասիրվել են տվյալ տեղամասի գրանցամատյանի գրառումները, որոնք պարունակում են ընտրությունների օրը տվյալ ընտրական տեղամասում ներկա անձանց, այդ թվում` թեկնածուների վստահված անձանց, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մասին:Նախաքննությունը շարունակվում է:
4. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 18.02.13թ. հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
Մասնավորապես` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կանխվել է հանձնաժողովի անդամների կողմից: Կատարվում է նախաքննություն։
ԶԼՄ-ների հրապարակումների ստուգման արդյունքում՝
5. 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:20-ին, համացանցի «iditord.org» կայքում «Աջափնյակում լցոնումներ են կատարվում» վերտառությամբ հոդված է տպագրվել, որի համաձայն Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն ընտրելու դեպքեր են գրանցվել: Մասնավորապես, հրապարակման համաձայն, Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:
Նույն օրը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի բաժին` մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն է տվել Կ.Նավասարդյանի հայրը, ով հայտնել է, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ եւ կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։
2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացվել են Մարգարիտա Նավասարդյանի տվյալները, ով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է։ Վերջինս ցուցմունք է տվել, որ որպես ընտրող ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը եւ պնդել, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որեւէ մեկին չի տվել։ Նա նաեւ դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց։ Նախաքննությունը շարունակվում է։
6. 2013թ. փետրվարի 18-ին էլեկտրոնային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` «Մետաքսում` շտաբի դիմաց, «1in.am» կայքի լրագրող Մարինե Խառատյանը եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանը ենթարկվել են հարձակման. խլել են լրագրողների տեսախցիկը եւ հայհոյել»:
Ահազանգերի հիման վրա` էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Լրագրողներ Մ. Խառատյանի եւ Գ. Սարիբեկյանի հետ վիճաբանած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց ոստիկանություն ներկայացնելու համար ոստիկանության Էրեբունու բաժնին համապատասխան հանձնարարություններ են տրվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է նաեւ վերոնշյալ կայքում տեղադրված տեսանյութի զննություն, որը կցվել է զննության արձանագրությանը:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ոստիկանությունում նախապատրաստված նյութերը 21.02.2013թ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ փետրվարի 22-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
7. Փետրվարի 18-ին էլեկտրոնային լրատվության միջոցներով ստացվել է ահազանգ` Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասում Ա.Համբարձումյանի եւ դիտորդ Ն. Իսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելու եւ քվեատուփի մեջ լցոնում կատարելու վերաբերյալ:
Նույն օրը ԶԼՄ-ի հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժին` մատնանշված հանգամանքներն ստուգելու եւ նյութեր նախապատրաստելու համար: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
8. Արարատի մարզի դատախազությունը 19.02.13թ. հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
Մասնավորապես` ‹‹Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է եւ կազմվել արձանագրություն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Ժ.Գեղամյանի անձնագրով քվեարկելու փորձ է կատարել նույն գյուղի բնակչուհի Հ.Թարվերդյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է։
9. 2013թ. փետրվարի 18-ին «iditord.am» կայքում տեղադրված «Բռնություն/սպառնալիքներ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ 8/23 ընտրատեղամասում Ալեքսանյան Սյուզիին առաջարկել են 80.000 դրամ կաշառք, սակայն տեսնելով, որ դրան էլ չի համաձայնվում, վախեցրել և ահաբեկել են, ընդհուպ սպառնալով «ընտանիքը վերացնել»:
ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը նույն օրը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժին` դրանում նշված հանգամանքներն ստուգելու և համապատասխան իրավական գնահատական տալու համար։ 2012թ. փետրվարի 21-ին նյութերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նախապատրաստված նյութերում առկա են եղել քրեական գործ հարուցելու առիթ և հիմք, այն է` 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/23 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի վստահված անձ Արամ Հարությունյանը քվեատուփում քվեաթերթիկներ լցոնելու եղանակով քվեարկել է այլ անձանց փոխարեն, ապա` նյութապես շահագրգռելով` դրամական վարձատրության խոստում տալու միջոցով խոչընդոտել է այդ փաստն արձանագրող` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Սյուզաննա Ալեքսանյանի լիազորությունների իրականացմանը։ 2013թ. փետրվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
10. 2013թ. փետրվարի 20-ին «Panorama.am» կայքում տեղադրվել է «Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը» վերտառությամբ։ Մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տրամադրելով լուսանկարը նշել էր, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված թիվ 29/13 ընտրական տեղամասում ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ գրանցվել է զինվորին ուղղորդելու դեպք:
Նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված տեղեկություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։