Այսօր նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Aravot.am-ին մի քանի բացահայտումներ ներկայացրեց:
Ըստ պարոն Մուկուչյանի` նախագահական ընտրություններին «Ժառանգության» կողմից հայտեր են ստացել ընտրատարածաքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակել այնպիսի քաղաքացիների, որոնք Հայաստանում չեն եղել: «Դեպքերը դժվարանում եմ այս պահին ասել, բայց մեկ-երկու դեպք չէ, որ եղել է»,- պատմեց պարոն Մուկուչյանը: Նա դժվարացավ ասել, թե «Ժառանգության» ինչին էր պետք հանձնաժողովում ընդգրկել ոչ հայաստանաբնակներին:
ԿԸՀ նախագահի խոսքերով, որ հանձնաժողովի անդամներին կուսակցությունը իր քմահաճույքով չնշանակի ու հետո փոխարինի ուրիշներով, օրենքով սահմանված է՝ հանձնաժողովի անդամները կարող են փոխարինվել միայն իրենց ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո:
Ըստ նրա` «Ժառանգության» որոշ հանձնաժողովականներից ստացել են ինքնաբացարկի դիմում, հետո պարզել, որ նրանք տեղյակ չեն իրենց ինքնաբացարկի դիմումից. «Դիմումը բավարար է, որ ինքնաբարկն ընդունվի: Ինքնաբացարկն ընդունվել է, նշանակվել է նոր անձ, ժամանակ չունենք ավելորդ հետաքննություն իրականացնելու: Հետագայում պարզվել է, որ նշված անձինք, չգիտեմ նշանակվելուց տեղյակ եղել են, թե՝ ոչ, բայց որ իրենց հանել են, դրանից տեղյակ չեն եղել»:
Կարդացեք նաև
«Ժառանգության» պարզաբանումը պարոն Մուկուչյանի բացահայտումների վերաբերյալ կներկայացնենք առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
՛՛…ժամանակ չունենք ավելորդ հետաքննություն իրականացնելու՛՛: Սա ինձ հիշեցնում է Թումանյանի հեքիաթի հայտնի հերոսին. ՛՛Ես ժամա՛նակ չունեմ, վռազ եմ, Աստված ինձ բախտ ա տվել, գնամ բախտս գտնեմ՝ վայելեմ…՛՛