Րաֆֆին ապակուսակցականացրեց Ազատության հրապարակը
Հետընտրական շրջանում զարգացում ստացած եւ ծավալվող իրադարձություններն ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը համարում է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, այլեւ՝ ժողովրդի խոշոր հաղթանակը:
Անցած ընտրական փուլի ամենամեծ արդյունքն ու նվաճումը, նրա համոզմամբ, այն է, որ ժողովուրդը վերջապես կանգնեց եւ ասաց, որ տեր է իր ձայնին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեր զրուցակցի կարծիքով, ինչպես բոլոր քաղաքական գործիչները, ընդամենը գործիք է, ով պիտի կարողանա ճիշտ գնահատել ժողովրդի ձայնն ու ադեկվատ գործողություններ անել:
Կարդացեք նաև
Նախկին պատգամավորի գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ եւ օբյեկտիվ է գնահատում իրավիճակը. «Համենայնդեպս, այն մի քանի քայլերը, որոնք ինքը հասցրեց հետընտրական շրջանում կատարել, իմ կարծիքով ճիշտ էին: Առաջինը` Րաֆֆին ցույց տվեց, որ հակված է բանակցությունների, հակված է հանդիպել ընտրությունները կեղծած մարդու հետ եւ ինչ-որ լուծումներ առաջարկել, որոնք, ըստ իս, երկրի համար շատ կարեւոր են: Անձի խնդիրն այստեղ ամենեւին էլ առաջնային չէ: Երկրորդը` Րաֆֆի Հովհաննիսյանն ապակուսակցականացրեց Ազատության հրապարակը` հայտարարելով, որ հրապարակը ոչ մի կուսակցության կամ որեւէ անձի չի պատկանում, եւ ժողովուրդը եկել է լուծելու Հայաստանի խնդիրը: Այն կոչերը, որ անուններ էին արտահայտում, Րաֆֆին հստակ կարողացավ կանխել` ասելով, որ անունների խնդիր չի լուծվում, այլ Հայաստանի: Սա ցույց է տալիս, որ վիճակն ադեկվատ է գնահատվում»:
Երրորդ կարեւոր քայլը, որը կարողացավ անել Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ Արմեն Կիրակոսյանի, այն էր, որ «հայտարարեց մոտո ասվածը` «բարեւ» մոտոներ կամ «Հայաստան» մոտոներ: Շեշտադրում արվեց Հայաստանի վրա` լուծվում է Հայաստանի խնդիրը»:
Այնուհանդերձ, մեր զրուցակցի կարծիքով, կան մի քանի հիմնաքարային բաներ, որոնք հարթակում կանգնած մարդիկ պետք է հաշվի առնեն. «Նախ` ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր հարթակից խոսում են, Հայաստանում ամենաբարոյականն են: Ապա, այն, ինչը որ արվում է պետք է հրապարակային լինի: Եվ երրորդը, այն ինչը, որ ես դեռ չեմ նկատում, ժողովուրդը պիտի հասկանա, որ հարթակում կանգնած մարդիկ հստակ ռազմավարություն ունեն: Ամենեւին պարտադիր չէ, որ այդ ռազմավարության մանրամասները ժողովրդին ներկայացվեն, բայց ժողովուրդը պետք է շատ հստակ պատկերացնի, որ կա’ ռազմավարություն եւ ուր է տանում հարթակն իրենց»:
Արմեն Կիրակոսյանը համոզված է, որ հրատապ լուծում է պահանջում նաեւ կազմակերպական խնդիրը եւ, որ ծավալվող այս շարժմանը պետք է կազմակերպական բնույթ տալ. «25 տարի առաջ, երբ Ազատության հրապարակում ժողովուրդը հավաքվում էր, այն ժամանակ կար հստակ խնդիր` կա Ղարաբաղի խնդիր եւ ողջ Հայաստանը, ժողովուրդը պետք է պաշտպանի այդ խնդիրը: Հիմա, խնդիրը, ցավոք, շատ ավելի բարդ է. կա Հայաստան եւ Հայաստանի խնդիրն է պետք լուծել: Ինչպես ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեներն էին ստեղծում, այսօր էլ պետք է ստեղծել կոմիտեներ, կարծում եմ, ճիշտ կլինի Հայաստան շեշտադրմամբ, իհարկե, հարթակում կանգնած մարդիկ ավելի լավ կկողմնորոշվեն: Բայց նման կառույցներ պետք են, որոնք իրենք պետք է ինքնակազմակերպվեն, սնեն, ուղղորդեն հարթակում եղած մարդկանց: Դրանք կարող են հենվել եւ կուսակցությունների վրա, եւ հասարակական կազմակերպությունների վրա եւ այլն: Ես համոզված եմ, որ այդ ճանապարհն ամենաարդյունավետը կլինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա «Առավոտ» օրաթերթում: