Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վիրավոր ազատամարտիկը հաշմանդամ չի ճանաչվել

Փետրվար 25,2013 20:01

Ru_1Ru_2ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Հարություն Կարապետյանը 1991-94 թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանությանը:

Մասնակցել է ոչ թե հեռակա, այլ իրականում: Լինելով ՀՀ նկարիչների միության անդամ՝ թողել է իր սիրած գործը՝ քանդակագործությունը, նվիրվել հայրենքի պաշտպանությանը:

Վիրավորվել է մի քանի անգամ:

Նրա Մարտակերտյան հերոսապատումների մասին գրել է բժիշկ-հրապարակագիր Արցախ Բունիաթյանը.«Օր, վաղն ի՞նչ գույն ես ունենալու» փաստավավերագրական գրքում:

Հարություն Կարապետյանը պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Հայաստանի երկրապահ», 5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհրդի մեդալներով, պատվոգրերով, որոնց ամբողջական թվարկումը արդեն իսկ կլրացնի էջը:

63-ամյա Հարություն Կարապետյանը 2-րդ խմբի հաշմանդամ էր, ապա՝ 3-րդ: Նա, վիրավորվելով Չլդրանում, վիրահատվել է առաջին անգամ 1992թ-ին՝ կրծքային գնդակային թափանցիկ վերքերից: Ի դեպ, մինչ այդ, մարտական գործողությունների ժամանակ ոտքերն էին այրվել, իսկ 1994թ-ին էլ գլխին ստացել էր հրազենային վնասվածք:

6 ամիս է, ինչ ազատամարտիկը զրկվել է 46 000 դրամ նպաստից, նրան համարել են առողջ՝ «պիտանի աշխատանքի» համար: Սա այն դեպքում, երբ կրծքավանդակի ձախ կեսը դեֆորմացված է, ոտքերին առկա էին սպիները, ունի հենաշարժողական խանգարումներ:

Հարություն Կարապետյանն այսօր ծայրահեղ վիճակում է: Նա մարտի 1-ին իր պարգեւներով եւ շնորհակալագրերով ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անելու, իսկ թե ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատան մոտ, պարզվեց մեր զրույցի ժամանակ:

Հարությունի հայրը եղել է ԱՄՆ բանակի սպա, մայրը մահացել է ԱՄՆ-ում:

Նա անիմաստ է համարում որեւէ բան ակնկալել ՀՀ նախագահից, վարչապետից կամ պաշտպանության նախարարից, քանի որ նրանք չեն փորձել կանխել իր հաշմանդամության խմբից զրկելու հարցը, ի զորու չեն պաշտպանել իրենց զինվորին:

Նա առաջին անգամ է դիմում լրատվամիջոցի, զգուշացնելով, որ պատրաստվում է անգամ ինքնահրկիզման:

Դիմել է վարչապետին: Վարչապետի փոխարեն պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Ա.Սիմոնյանը. «Տեղեկացնում ենք, որ Ձեր հաշմանդամության 2-րդ խումբ «հիվանդությունը կապված է ՀՀ սահմանները պաշտպանելու հետ» պատճառական կապով, սահմանվել է մինչեւ 1998թ. մայիսի 1-ը: Երեւանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների  հանձնաժողովը 2009-2011թթ. վերափորձաքննությունների արդյունքում Ձեզ սահմանել է հաշմանդամության 3-րդ խումբ «վնասվածքը ստացել է ՀՀ պաշտպանության ժամանակ» պատճառական կապով 1-ական տարի ժամանակով»:

Ըստ այս կենտրոնի պատասխանի՝ հետագայում հանձնաժողովը հանգել է նրան, որ կենսագործունեության որեւէ տեսակի եւ որեւէ աստիճանի սահմանափակում  առկա չէ:Հետեւաբար, հաշմանդամություն չսահմանելու վերաբերյալ հարցը մնացել է անփոփոխ:

Վիրավոր ազատամարտիկը հաշմանդամ չի ճանաչվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728