Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներին սպառնացել են հեռացնել, կանչել են ռեկտորատ ու դեկանատ

Փետրվար 25,2013 19:37

Ահազանգում են դասադուլի ակցիայի մասնակիցները

 

«Նոյան տապան» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո ակումբ եկան մի խումբ ուսանողներ եւ իրենց մտահոգությունները ներկայացրեցին այսօրվա դասադուլի հետ կապված: Այդ ասուլիսը չնախատեսված էր:

ԵՊՀ ուսանող Տիգրանի խոսքերով՝ «Փետրվարի 21-ին նախագահական նստավայրի մոտ ձեւավորվեց ակտիվիստների խումբ: Դժգոհության պատճառը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն էին, որոնք ընթացան մի շարք խախտումներով: Կանխազգալով, որ ԿԸՀ արդյունքները լինելու են կեղծված, մենք որոշեցինք հայտարարել դասադուլ: Նախաձեռնության մասին տեղյակ էինք պահել ուսանողությանը: Դասադուլը սկսեց ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմացից: Դարպասները փակել էին:  Սպառնալիքներ հնչեցին, գործադրվեցին ճնշումներ: Որոշ ուսանողների արդեն սպառնացել են հեռացնել, որոշ ուսանողների կանչել են դեկանատ, մի քանիսի՝ ռեկտորատ»:

Ուսանողները պահանջում են, որ անցկացված ընտրությունները չեղյալ հայտարարվեն եւ նշանակվեն նոր ընտրություններ. «Ուսանողերը հասկանում են, որ իրենք որոշակի դեր են խաղում ՀՀ պետականության կայացման մեջ: Մենք ունենք իրավունք ընտրել եւ ընտրված նախագահի պաշտոնավարման հանձնել: Մենք կեղծիքների դեմ ենք պայքարում»:

Հարցին, ինչո՞վ եք վստահ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրոք ավելի շատ քվե է հավաքել, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նա պատասխանեց. «Այնպես չի, որ այստեղ նստած մարդիկ բոլորն ընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Եթե կեղծիքներն արվում են փակ համակարգով, չի կարելի դա հանել եւ ի ցույց դնել, բայց բոլորն են համոզված, որ Րաֆֆի Հովհանիսյան է ընտրվել նախագահ: Մինչ օրս չեմ հանդիպել մարդ, ով կասկածում է դրանում»:

Թե ակցիաներին քանի՞ մարդ է մասնակցում՝ նրանք ասացին, որ սկսել են մոտ 100 հոգով, ընթացքում 700-ից ավելի ուսանող է միացել իրենց:

Ուսանողներն ընդգծեցին, որ իրենք անկուսակցական են: Չնայած դրան, նրանք եկել էին նարնջագույն ժապավեններով: Aravot.am-ի այդ դիտարկմանը, որ դա «Ժառանգության» խորհրդանիշն է, եւ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում էին, որ նրա թիմակիցները հրահրում են, կոչ են անում դասադուլի, նրանք վստահեցրին, որ անձամբ իրենց ոչ մի կոչ չեն արել, ինչ վերաբերում է ծիրանագույն ժապավեններին, շատ մարդիկ հետաքրքրված են Րաֆֆի Հովհաննիսյանով: Ավելին, ուսանողները վստահեցրին, որ իրենց մի մասը քաղաքական այլ համակրանք ունի, դաշնակցական է, անգամ ՀՀԿ-ական կա, բայց բոլորին միավորել է կեղծիքների դեմ պայքարը:

Մեր հարցին, թե կոնկրետ որ բուհից եւ որ ուսանողի են սպառնացել հեռացնել, Աննան, որը սովորում է Մանկավարժական համալսարանում, ասաց, որ իրեն են ահազանգել, սկսել են հետաքրքրվել թե ով է, ինչ է թե համալսարանի պահակը լսել է, որ դասադուլի է գնում: Մի քոլեջի ուսանողի են կանչել եւ ասել են, որ հեռացնելու են եւ որ նա այլեւս այդ քոլեջի ուսանող չէ:

Նրանք նաեւ նշեցին, որ իրենց ակցիան շարունակելու են վաղը՝ ժամը 11-ին՝ ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728