Դասադուլ անող ուսանողների ակցիան ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ ցուցարարները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հանցագործ համարեցին, իսկ ԿԸՀ-ն անվանակոչեցին «կենտրոնական պետական պատկերասրահ»:
Ուսանողներին միացած Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Մենք կարիք չունենք, որ դուք (ԿԸՀ-ին է դիմում) մեզ սահմանադրություն սովորեցնեք: Դուք 20 տարի մեր երկրում անօրինականություն եք «կերտել»: Այսօր այս երիտասարդներն այստեղ են, որովհետեւ ուզում են վերջ տալ այդ ուղուն, որով 20 տարի ընթացել է մեր պետականությունը: Ուսանողներից է կախված այն ջանքերի ընթացքը, որոնք գործադրում ենք նոր իրավիճակ ստեղծելու համար: Մենք կարիք չունենք քարոզների, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ քաղաքացին»:
Ուսանողներն իրենց ակցիան ավարտեցին ՀՀ պետական օրհներգի կատարումով: Նրանք հայտարարեցին, որ պայքարելու են մինչ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելը: Ուսանողների դասադուլը կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց:
Փաստենք, որ դասադուլի ողջ ընթացքում մասնակիցների անվտանգությունն էին ապահովում ՀՀ ոստիկանության աշխատակիցները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ