Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես թիմակից չունեմ, եւ իմ անունից կարող եմ խոսել միայն ես»

Փետրվար 25,2013 18:44

«Ժառանգության» առաջնորդը վստահեցնում է, որ կյանքի գնով թույլ չի տալու, որ մի կաթիլ արյուն թափվի

 

Այսօր «Նոյյան տապան» ակումբում հարցին՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեք, որպեսզի տեղի չունենա այն, ինչ եղավ 5 տարի առաջ, սցենարի կրկնություն չլինի, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իմ կյանքի գնով թույլ չեմ տալու, որ մի կաթիլ արյուն թափվի: Սա ակնարկ չէ որեւէ մի մարդու, թեկնածուի, բայց ես թույլ չեմ տալու: Թող գործող եւ արդեն նախկին նախագահը դա չշփոթի անհետեւողականության հետ, որովհետեւ ես թույլ չեմ տալու, որ հեգնեն ժողովրդին եւ ներկայացնեն ԿԸՀ-ի պաշտոնական այդ թվերը: Դա թույլ չեմ տալու»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ինչպիսի՞ մեխանիզմներ եք տեսնում, բացի հանրահավաքները, նա պատասխանեց. «Ես ունեմ քաղաքացիական եւ անհատական պատասխանատվություն: Սահմանադրական բոլոր եղանակները, դա նշանակում է թե’ հանրահավաք, թե’ երթ, թե’ գյուղ եւ քաղաք այցելություն, թե’ դե յուրե իշխանության կերտում»: Ինչ վերաբերում է նստացույց անելուն՝ նա ասաց, որ այսօր ուսանողներն են որոշել դասադուլ անել. «Ես զորավիգ եմ, որ մեր ուսանողները դառնում են բաժնետեր: Ես նախընտրում եմ, որ դասադուլ չլինի, բայց եթե իրենք են ուզում դասադուլ անել, նստացույց, ես զորավիգ կլինեմ, միայն թե՝ ոչ հացադուլ»:

Հարցին, Դուք ասում էիք, որ Դուք կոչ չեք արել դասադուլի, բայց ձեր թիմակիցները, օրինակ՝ Դավիթ Սանասարյանը, Ֆեյսբուքում գրառում է արել, նա պատասխանեց. «Ես թիմակից չունեմ: Եթե Դավիթը ֆեյսբուքում մի բան է գրել, դա եւս իր իրավունքն է»: Ճշտմանը, թե՝ Ձեր անունից, եթե մի բան է հնչում, հավատա՞նք, թե՞ չէ, նա պատասխանեց. «Իմ անունից խոսում եմ միայն ես»:

Նորից հարց եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ արեւմտամետ լինելու մասին, որ Սերգեյ Շաքարյանցն ասել է, որ Րաֆֆի Հովհանիսյանը Սահակաշվիլին է՝ Հայաստանում: Ընդ որում Սերգեյ Շաքարյանցը, ինչպես նկատեց պարոն Հովհաննիսյանը, իրենց ռազմավարական կենտրոնի փորձագետներից է եղել: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ես ծնվել եմ ԱՄՆ-ում եւ դա չի փոխվելու: Ռիչարդը եւ Վարդուհին ինձ տվել են հայեցի կրթություն: Նրանք, ովքեր այսքանից հետո, Հայաստանի 21-րդ տարեդարձից այն կողմ խոսում են ռուսամետության, ամերիկամետության մասին, էլի ապրում են անցյալի մեջ: Որովհետեւ, եթե մենք ունենք ազգային շահ՝ դա է ողջունելի: Իսկ եթե՝ չէ, ով մերժում է Արցախի ճանաչումը եւ այս ընտրությունների ճանաչումը, ինձնից պատասխան է ստանալու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728