Այսօր «Նոյյան տապան» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանը բացառեց, որ հաջորդ նախագահական ընտրություններին ինքը թեկնածությունը կդնի:
Հարցին՝ ընդունե՞լ եք Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ստեղծելու ստվերային կառավարություն՝ Րաֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ ընդունել: Դա մոտեցումներից մեկն է: Հարգում եմ Նիկոլի տեսակետը եւ Նիկոլն ինքը կամավոր է միացել, ինչպես բոլորը: Մեր շարժման յուրահատկությունն այն է, որ ես ոչ մեկին չեմ զանգել: Բոլորը եկել են կամավոր, եւ ես դա գնահատում եմ, ողջունում եմ: Կարող է մի քանի տարի առաջ քննադատել ենք իրար, բայց հիմա բոլորը հասկանում են, որ սա երկիրը միասնաբար փրկելու եւ սահմանադրական դաշտ բերելու հրամայական է: Ես հարգում եմ Նիկոլի որոշումը: Այլ տեսակետ կա, որ չարժի: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ինձանից կլսեք մեր ապագա կառավարության մանրակերտի մասին իմ առաջարկները»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը առաջարկել եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակը: Սա նշանակո՞ւմ է, որ դուք պատրաստ եք ընդունելու ԿԸՀ-ի արդյունքները՝ նա պատասխանեց. «Ոչ, երբեք: Ես առաջարկել եմ, մերժվել է: Օրակարգում հիմա ոչ մի բան չկա: Կեղծված ընտրություններ են»:
«Արմնյուզը» հետաքրքրվեց՝ փետրվարի 18-ին հայտարարեցիք, որ ամբողջ երկրով մեկ ընտրակաշառք է բաժանվել, հետո ձեր շտաբն ասաց, որ փաստեր չկան: Ինչո՞ւ էիք նման բան հայտարարում եւ ինչո՞ւ չեք դիմել վերահաշվարկի համար: Այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Արմնյուզի հետ կապ ունեցող մարդիկ գիտեն, որ լիքը փող է բաժանվել: Դա գաղտնիք չէ, մեկս մյուսի հիմարի տեղ չդնենք: Դա տեղի է ունեցել, բայց ի հեճուկս դրան, հայ ժողովուրդն ասել է՝ ոչ: Եթե դիմենք ՍԴ մինչեւ մարտի 2-ը, դա կլինի ՍԴ-ի ճշմարտության պահը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ