Դասադուլ հայտարարած եւ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով հանդես եկող ուսանողների հաջորդ «կանգառը» Տնտեսագիտական համալսարանն էր: Բուհի դարպասների մոտ խմբված ցուցարարները դարպասներից այն կողմ գտնվող ուսանողներին կոչ էին անում միանալ իրենց եւ հիշեցնում, որ յուրաքանչյուր ուսանող ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Մինչ ոստիկանները վերահսկում էին դարպասից ներս մտնել ցանկացողներին, ցուցարարները միմյանց հորդորում էին չբախվել նրանց հետ եւ սադրանքների տեղի չտալ: Իսկ դարպասի ճաղերից այն կողմ ուսանողները գոչում էին, որ մուտքը փակ չէ. «Դուք եք կուտակվել դռան մոտ, մենք ո՞նց դուրս գանք այստեղից, հեռու գնացեք, որ դուրս գանք»:
Ոստիկանների ուղեկցությամբ ցուցարարները շարժվեցին դեպի Բժշկական համալսարան, որի դարպասների դիմաց լեզվակռիվ ծագեց նրանց եւ տեղի ուսանողների միջեւ: Վերջիններս բղավում էին, որ պետք չէ խանգարել իրենց դասապրոցեսը, իսկ ցուցարարները՝ կոչ անում միասին պայքարել անօրինությունների դեմ: Բժշկական համալսարանի երկու ուսանող մագլցեցին դարպասների վրայով եւ «իջան» ցուցարարների մոտ:
Դասադուլը շարունակվեց Ագրարային համալսարանի դիմաց, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ցուցարարներին միացավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ