Նա ձեռքը ուժգին խփեց սեղանին եւ պահանջեց իրեն չսպառնալ ու պարզել, թե սո՞ւտ է խոսել Սերժ Սարգսյանը:
«Ես մեկ-երկու ամիս առաջ հավատացի Հայաստանի ժողովրդին, ՀՀ քաղաքացուն: Եվ այնքան համեստ եմ այսօր եւ հպարտ, որ ՀՀ քաղաքացին նույնպես հավատաց ինձ: Կարեւորն այն չէ, որ երկու ամիս առաջ մեկը չէր հավատում, կարեւորն այն է, որ հիմա մենք բոլորս միասին հավատում ենք: Մենք անցյալ չենք նայելու, նայելու ենք դեպի ապագա»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում իր ասուլիսն այսպես սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խնդրեց, որ մեր ժողովրդին երկրորդ սորտի կատեգորիայի մեջ որեւէ մեկը չդնի, վախեցողի տեղ չդնի. «Ես չդրի: Բոլորս միասին այսօր գիտենք, որ հայ ժողովուրդը խոսել է»: Նա ողջունեց բոլոր այն կուսակցություններին, քաղաքացիական շարժումներին, ուսանողներին, որոնք միացել են իրեն՝ թեկուզ փետրվարի 18-ից հետո. «Ես չեմ փնտրում իրենց հաղորդագրությունների մեջ իմ անունը, որովհետեւ այս պայքարը իմ համար չէ»:
Կարդացեք նաև
«Նախ, ձայնագրության մասին: Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման համար: Ես պահանջում եմ հիմա՝ թող ամբողջությունը հրապարակեն՝ նժդեհական են, նախագահականից են, իրենք հիմա թող հրապարակեն»,- ասաց պարոն Հովհաննիսյանը եւ ձեռքը ուժգին խփեց սեղանին:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ իրենց զրույցի ընթացքում նա իրեն այլ հավաստիացումներ է տվել. «Բայց հիմա, երբ պարոն Սարգսյանն ասում է, որ մենք երկուսով ենք, ազատ խոսենք, ինչ-որ մարդիկ ինձ սպառնում են հեռակա՝ չփորձեն: Հենց հիմա թող բացեն ամբողջ ձայնագրությունը: Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, եթե բացի մեզանից ուրիշ մարդ կար այնտեղ, թող դնեն ձայնագրությունը՝ դավայտե»:
Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց այդ զրույցի այլ մանրամասներ էլ, որ ասել է՝ շամպայնը ժամանակից շուտ եք խմել, առաջարկներ է ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են. «Ոչ իր կողմից, ոչ իմ կողմից չկար պաշտոն ստանձնելու, կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկ: Չկար: Ես մերժում եմ, որ ես թիվ երկուսն եմ, անգամ, թիվ առաջինը: Ես շարքային քաղաքացի եմ: Դավայտե, պարոն Շարմազանով, տվեք ձայնագրությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ