Մի քանի օր առաջ հանրահավաքներում և սոցցանցերում պտտվող հայտարարությունը դասադուլ անելու վերաբերյալ այսօր ի կատար ածվեց: Առավոտյան ժամը 11:00-ից Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվել էին տարբեր բուհերի ուսանողներ: Նրանց խոսքով՝ դասադուլի նպատակը մեկն է՝ պահպանել իրենց իրավունքները, վերականգնել արդարությունը, բարևել հեղափոխությանը: Շատերի հավաստմամբ ՝ դասադուլին չեն խոչընդոտել ոչ ծնողները, և ոչ էլ նույնիսկ համալսարանների կամ ֆակուլտետների ներկայացուցիչները:
«Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել, թե արդյոք վերջիններիս կողմից արգելքներ չեն եղել և թե ինչպես է ընթանում դասադուլը: Մենք փորձեցինք զրուցել համալսարանական ներկայացուցիչների, այդ թվում՝ դասախոսների հետ, սակայն բոլորի կողմից մերժում ստացանք: Նրանց խոսքով՝ պարզապես չեն ցանկանում դասադուլի հետ կապված որևէ առնչություն ունենալ: ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուտետի դեկան Սամվել Աբրահամյանը նույնպես հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց, միայն ասաց. «Մեզ մոտ դաս եղել է, ուսանողները դասադուլին չեն մասնակցել: Գնացեք, խոսեք նրանց հետ, ովքեր դասադուլի են գնացել»:
Ուսանողների երթը այնուհետև շարունակվեց տարբեր բուհական տարածքներում, որտեղի դռներն արդեն ուսանողների եւ դասադուլի մասնակիցների առջեւ փակ էին:
Նազենի Բաղդասարյան