«Դասադուլն արդարացնում է միայն ազգային սուր հարցերը. օրինակ՝ Արցախյան խնդիրը: Քաղաքական հարցերում դասադուլներն արդարացված չեն: Եթե այդքան հրատապ լիներ խնդիրը, ես էլ կմասնակցեի: Ուսանողների համար այսօր ամենակարեւոր հարցը լավ սովորելն է, իսկ դասադուլները խանգարում են ուսումնական պրոցեսը»,-այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մեկնարկած դասադուլի ընթացքում նշեց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գեւորգ Մելքոնյանը:
Ուսանողներն ակնարկեցին, որ նա ՀՀԿ անդամ է, այդ իսկ պատճառով չի միանում ակցիային: Մինչ «դասադուլավորները» ծափահարություններով կոչ էին անում նրան դուրս գալ ՀՀԿ-ից, պարոն Մելքոնյանը հետաքրքրվեց, թե որն է նրանց գլխավոր նպատակը: «Իշխանափոխությունը, մենք չենք ընդունելու կեղծված ընտրությունները»,-պատասխանեցին ուսանողները:
Մելքոնյանը հավաստիացրեց, որ երիտասարդների հանդեպ ճնշումներ չեն գործադրվել. «Եթե ճնշումներ լինեին, նրանք այստեղ չէին գա: Ուսանողների մի մասին հնարավորություն է տրված արտահայտել քաղաքացիական դիրքորոշումը, բայց դա չպետք է վերածվի դասը խանգարելու պրոցեսի»: Մելքոնյանը հավելեց, որ բուհում դասերը չեն ընդհատվել:
Ակցիայի մասնակից Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դասադուլն ինքնաբուխ է եւ ընդգրկել է տարբեր բուհերի ուսանողների: Նրա կարծիքով. «Ուսանողությունը ակտիվ պետք է լինի եւ որոշի երկրի ապագան»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ