«Այդտեղ միտում չկա, խոսքը աշխատանքի ոճի, ձևի մասին է: Ես վաղուց, դեռ 2006-ից ասել եմ, որ ՀՀՇ-ի ղեկավարությունը լավ չի կարողանում ժողովրդի հետ աշխատել»,-Aravot.am-ի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀՇ համագումարին հնչեցրած այն կարծիքի մասին, թե ՀՀՇ-ն վերածվել էր «գեղական կլուբի» այսպես արտահայտվեց նախկին ՀՀՇ-ական Սամվել Գևորգյանը:
Այնուհետև նա հավելեց. «Ես վարչությունից դրա համար դուրս եմ եկել, ուղղակի որ աշխատանք չէր գնում և իրոք վատ ակումբի տպավորություն էր թողնում: Առաջինը ես եմ դրա մասին ասել Լևոն Տեր-Պետրոսյանին: Այն, ինչ հիմա արվեց, պետք էր հենց շարժման համար, որ ժողովրդի հետ կապը նորից վերականգնվեր»:
Իսկ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անելուց:
ՀՀՇ ստեղծման ակունքներում կանգնած գործիչ Ավետ Գրիգորյանն էլ շեշտեց այն հանգամանքը, որ ՀՀ առաջին նախագահն այս բառերն օգտագործել է որոշակի ժամանակահատվածի՝ 2000-2007-ի համար և հավելեց. «Գուցե դա մի քիչ էմոցիոնալ ասված բան էր: Այդ ժամանակաշրջանում, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, ՀՀՇ գործունեությունը սարսափելի կասեցված էր: Իսկ այսօրվա քայլերն արված են այսօրվա քաղաքական իրականությամբ թելադրված: Նպատակն է ավելի կարևորել ՀՀՇ-ի դերը՝ միացնելով իրար հզոր երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Կոնգրեսի այն խավը, որոնք անկուսակցական եղել են մինչև հիմա:
Կարդացեք նաև
Իսկ ՀՀ առաջին նախագահի ելույթի կապակցությամբ ցանկացած մեկնաբանություն պետք է հիմնված լինի նախևառաջ այն ուշադիր ընթերցելու կամ ուշադիր լսելու վրա: Համատեքստից կտրված մտքերի հիման վրա գնահատականներ տալն ուղղակի ճիշտ չէ: Բայց մենք սովորել ենք դրան, ցավոք դա դարձել է նորմ և դրա դեմ պայքարը լինում է հողմաղացների դեմ պայքարի նման մի բան»:
Ամփոփելով զրույցը՝ պարոն Գրիգորյանը նշեց. «Այս ամենի շուրջ ստեղծված քննարկումները այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես առաջին նախագահին ուզում են իրենց պաշտպանել, կամ ՀՀՇ-ն պաշտպանել ՀՀՇ-ից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ